Քրեակատարողական ծառայությունը կազմակերպել է շախմատի առաջնություն` համակարգի ծառայողների մասնակցությամբ
Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ կազմակերպվել է հերթական միջոցառումը։ Ծառայության կենտրոնական մարմնում անցկացվել է շախմատի մրցաշար քրեակատարողական ծառայողների միջև։ Մրցաշարին մասնակցել են կենտրոնական մարմնի հատուկ նշանակության ստորաբաժանման, ՀՀ ԱՆ «Աբովյան», «Վանաձոր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն», «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկների ծառայողները։
Մրցաշարին հետևել է Հայաստանի շախմատի ակադեմիայի մարզիչ Եղիշե Ալեքսանյանը։ Խաղին ներկա են եղել նաև Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, շտաբի պետ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Սարգսյանը և վարչակազմի այլ ներկայացուցիչներ։
Խաղատախտակների վրա ընթացող թեժ պայքարի արդյունքում առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայող Կոմիսար Պետրոսյանը, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար գրավել են Արմեն Խեչումյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից և Սահակ Գրիգորյանը կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժնից։
Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել բոլոր ծառայողներին ակտիվ մասնակցության և ցուցաբերած համառ պայքարի համար՝ իր խոսքում նշելով, որ նմանատիպ միջոցառումների անցկացումը ծառայողների միջև ապահովում է առավել սերտ փոխգործակցություն և առողջ մրցակցային մթնոլորտ, իսկ աշխատանքային առօրյային հետաքրքրություն է հաղորդում։ Այնուհետև Ամբակում Գրիգորյանը հաղթողներին հանձնել է մեդալներ ու պատվոգրեր։ Առաջին տեղը զբաղեցրած Կոմիսար Պետրոսյանին շնորհվել է նաև Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակին նվիրված շախմատի մրցաշարի գավաթը։