Խորհրդարան են այցելել «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները
Հայաստանի եւ Դանիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա. ողջունելով «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին Ազգային ժողովում` ասել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին, որին մասնակցել են Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը:
Ընդգծելով փոխհամագործակցությունը բոլոր հարթակներում` պատգամավորները նշել են, որ Հայաստանի համար չափազանց կարեւոր է ԵՄ-ի հետ առավել սերտ հարաբերությունների ձեւավորումը:
Դանիական պատվիրակությունը գլխավորող Քենեթ Ֆիսենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ողջունել է Հայաստանի նախաձեռնողականությունը ԵՄ հետ խորացող հարաբերությունների հարցում:
Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային օրակարգային հարցերի շուրջ: