«Պոլոնեզից» մինչեւ «Օպտիմա». նոր գաղտնի փաստաթղթեր՝ Բելառուս-Ադրբեջան ռազմական առևտրի մասին․ «Հետք»
«Հետքն» իր գործընկերոջից ստացել է Բելառուսի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ նոր գաղտնի փաստաթղթեր:
Այս տարվա հունիսին կայքը գրել էր Բելառուսի կողմից Ադրբեջանին մատակարարված ռազմական նշանակության մի շարք ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, հրապարակվել էին բելառուսական ձեռնարկությունների` 2017-2023 թթ. որոշ պաշտոնական նամակներ՝ ուղղված միմյանց և ադրբեջանական կողմին:
Նամակներում արձանագրված պայմանավորվածություններն ու դրանց կյանքի կոչումը ցույց են տալիս, թե ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկեր համարվող Բելառուսը վերջին տարիներին ինչպես է ինտենսիվորեն ռազմական արտադրանք ու ծառայություններ վաճառում Ադրբեջանին, որի գլխավոր թիրախը եղել ու մնում է Հայաստանը, նախկինում՝ նաեւ Արցախը:
2020 թ. օգոստոսի 26-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնածավալ պատերազմի սանձազերծումից ընդամենը 1 ամիս առաջ, բելառուսական «Վոլատավտո» ԲԲԸ-ի (ОАО «Волатавто») գլխավոր ինժեներ Դմիտրի Բարազնովը նամակ է գրել «Ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարան» հանրապետական արտադրական միացյալ ձեռնարկության (РПУП «Завод точной электромеханики») տնօրեն Յուրի Չյորնիին՝ հայտնելով, որ «Վոլատավտո», «ՄԶԿՏ» եւ Britex ընկերությունների մասնագետները պատրաստ են մեկնել «1221» տարածաշրջան (նկատի ունի Ադրբեջանը)՝ ռեկլամացիոն աշխատանքներ կատարելու:
Այսպես՝ «ՄԶԿՏ» գործարանը (Минский завод колёсных тягачей, МЗКТ) արտադրում է բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի «ՄԶԿՏ-7930» շասսիները: «Պոլոնեզը» ռուսական «Սմերչի» բելառուսական այլընտրանքն է եւ 2018-ից ընդգրկված է Ադրբեջանի սպառազինության մեջ: Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հավաստմամբ՝ 44-օրյա պատերազմում Ադրբեջանը հրթիռակոծել է Ստեփանակերտը ոչ միայն «Սմերչով», այլեւ «Պոլոնեզով»: «Վոլատավտոն» 1991-ին ստեղծվել է որպես «ՄԶԿՏ»-ի դուստր ձեռնարկություն, սակայն 2009-ից առանձին բաժնետիրական ընկերություն է: Այն եւս «Պոլոնեզ» համակարգի արտադրման մասնակից է: Britex Industrie-Technik-ը գերմանական մեքենաշինական ընկերություն է, որը մասնագիտացած է, մասնավորապես, ամբարձիչ տեխնիկայի սեգմենտում եւ ներկայացուցչություն ունի Բելառուսում:
«Պոլոնեզի» մշակմանն ու արտադրությանը մասնակցում է նաեւ վերոնշյալ Ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարանը: Իսկ ռեկլամացիոն աշխատանքներն այն աշխատանքներն են, որոնք կատարվում են գնորդի/պատվիրատուի բողոքի/պահանջի հիման վրա: Այսինքն՝ ադրբեջանական կողմը «Պոլոնեզի» վերաբերյալ ինչ-ինչ խնդիրներ է արձանագրել, եւ բելառուսները մասնագետներ են ուղարկել այնտեղ՝ դրանք շտկելու համար:
Նկատենք, որ ռուսական եւ բելառուսական զորքերի գործունեությանը հետեւող «Բելառուսական Գայուն» նախագիծը X սոցցանցի իր էջում այս տարվա հունիսին եւս մի քանի գաղտնի փաստաթղթեր էր հրապարակել, որոնք վերաբերում են 2020 թ. Ադրբեջանում «Պոլոնեզների» վերանորոգման դրվագին: Այդ փաստաթղթերից տեղեկանում ենք, որ 2020-ի փետրվարին Ադրբեջանի ՊՆ-ն բելառուսական կողմին ներկայացրել է «Պոլոնեզ» համակարգերում ի հայտ եկած որոշ դեֆեկտներ: Դրանք հայտնաբերվել էին, մասնավորապես, տրանսպորտալիցքավորիչ մեքենաներից մեկի ամբարձիչի վրա: Հավանական խափանումներից զերծ մնալու համար կանխարգելիչ աշխատանքներ էին նախատեսվել նաեւ 6 հատ «ՄԶԿՏ-7930» շասսիների վրա: Այս ամենի համար էլ կազմակերպվել է բելառուսական ընկերությունների մասնագետների այցը Ադրբեջան, ինչին անդրադարձանք վերեւում: Այցը նախանշվել էր 2020-ի օգոստոսի առաջին կեսին: Տրանսպորտալիցքավորիչ մեքենայի ամբարձիչի դեֆեկտների շտկման մասին ակտը ստորագրվել է սեպտեմբերի 15-ին Բաքվում:
Սա նշանակում է, որ 44-օրյա պատերազմից անմիջապես առաջ, եթե ոչ նաեւ ընթացքում, Բելառուսի մասնագետները կարգի են բերել Ադրբեջանի «Պոլոնեզները»: Ընդ որում՝ փաստաթղթերում նշվում է «Պոլոնեզ-ՄԱ» համակարգի մասին, որը, ենթադրաբար, մոդեռնիզացված «Պոլոնեզ-Մ»-ի՝ Ադրբեջանի համար նախատեսված տարբերակն է: «Պոլոնեզ-Մ»-ի կրակի առավելագույն հեռավորությունը 300 կմ է:
Բելառուս մասնագետները պարբերաբար գործուղվում են Ադրբեջան
Մեր տրամադրության տակ են հայտնվել նաեւ Բելառուսի ռազմարդյունաբերական ձեռնարկությունների 2021 թ. նամակներ, որոնց առանցքում կրկին «Պոլոնեզ» համակարգերն են:
«Բելսպեցվնեշտեխնիկա» պետական արտաքին առեւտրային միացյալ ձեռնարկության (ГВТУП «Белспецвнештехника») գլխավոր տնօրենի պաշտոնակատար Իգոր Վելենտեյը 2021-ի մայիսին նամակ է գրել «Վոլատավտո» ԲԲԸ-ի տնօրեն Յուրի Չյորնիին: «Բելսպեցվնեշտեխնիկան» զբաղվում է գիտական, արտադրական եւ արտաքին առեւտրային գործունեությամբ (այդ թվում՝ միջնորդական), որոնք վերաբերում են ռազմական եւ երկակի նշանակության ապրանքներին, գաղտնագրող միջոցներին, ինֆորմացիայի գաղտնի ստացման միջոցներին եւ այլ արտադրանքի: Այսինքն՝ սա, ի թիվս տարբեր տեսակի գործունեության, զբաղվում է բելառուսական սպառազինության վաճառքով:
Եվ ահա Վելենտեյը, նկատի ունենալով Ադրբեջանին, հայտնել է, որ օտարերկրյա պատվիրատուն դժգոհում է «Պոլոնեզ» համակարգի «Վ-300ՏԶՄ» տրանսպորտալիցքավորիչ մեքենաներից մեկի հեռակառավարման վահանակի վերանորոգման երկար ժամկետներից (այդ պահին վահանակը վերանորոգման մեջ էր 6 ամսից ավելի): Բացի դրանից՝ պարզվել է, որ տրանսպորտալիցքավորիչ մեքենայի ամբարձիչի վրա հայտնաբերված դեֆեկտը շտկելուց հետո, ինչի մասին ակտը ստորագրվել էր 2020-ի սեպտեմբերի 15-ին, ամբարձիչի պահեստամասերի լրակազմը չի համալրվել նոր դետալներով: Վելենտեյը Չյորնիին խնդրել է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել, որոնք բխում են 2016-ի հոկտեմբերին Ադրբեջանի հետ կնքված պայմանագրից: Խոսքն, ըստ էության, «Պոլոնեզների» ձեռքբերման եւ սպասարկման համաձայնագրի մասին է:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։