Վենետիկի հանձնաժողովը կարծիք է հայտնել երեք օրենսդրական փաթեթների վերաբերյալ․ ԱՆ ներկայացուցիչները մասնակցել են հանձնաժողովի նիստին
Վենետիկի հանձնաժողովը կարծիք է հայտնել երեք օրենսդրական փաթեթների վերաբերյալ. Արդարադատության նախարարության ներկայացուցիչները մասնակցել են հանձնաժողովի 140-րդ լիագումար նիստին Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը հոկտեմբերի 11-12-ը մասնակցել են Վենետիկի հանձնաժողովի 140-րդ լիագումար նիստին: Այս մասին հայտնում են նախարարությունից։
Նիստի օրակարգում եղել են նաև Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որով նախատեսվում է կատարելագործել հարկադիր կարգով նմուշառումներ վերցնելու ընթացակարգը, Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որով նախատեսվում է բարելավել դատավորների գործունեության գնահատման ինստիտուտը, և «Զանգվածային լրատվության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է օրենսդրական մակարդակով ճանաչել և խթանել ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմները:
Նիստի ընթացքում քննարկվել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքները վերոնշյալ փաթեթների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվել նախարարության էական դիտարկումները նախագծերի վերաբերյալ հանձնաժողովի կարծիքի կապակցությամբ` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով հաշվի առնել հանձնաժողովի հիմնական առաջարկները նախագծերի հետագա լավարկման նպատակով:
Նախագծերի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի ընդունված կարծիքները առաջիկայում կհրապարակվեն հանձնաժողովի պաշտոնական կայքում։