Մարդիկ կտեսնեն՝ իրենց ընդհանուր բյուջեի վրա շատ էական ազդեցություն չեն ունենա գնային փոփոխությունները. Ավինյան
Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք ապահովել ենք ռեկորդային հավաքագրումներ՝ համեմատած բոլոր նախորդ ժամանաշրջանների հետ, և միասնական տոմսային համակարգի անցման պահից ստվերի՝ որպես երևույթի, գրեթե վերացումը կապահովենք, որովհետև փաստացի կանխիկ գործարքներն առհասարակ դուրս են գալու: Այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուրերի» լրագրողի՝ ստվերի դեմ պայքարին վերաբերող հարցին:
Խոսելով տոմսային համակարգի առավելությունների մասին՝ Ավինյանը նկատեց՝ միասնական տոմսային համակարգը ոչ միայն Երևանի քաղաքապետարանի համար է կարևոր հավաքագրման ստվերը վերացնելու տեսանկյունից, այլև առհասարակ մարդու հարմարավետության տեսանկյունից:
«Միասնական տոմսային համակարգը հնարավորություն է տալիս տարատեսակ տրանսպորտային միջոցներից օգտվել նույն քարտով, նույն հեռախոսով, նույն բանկային քարտով և դրա համար հավելյալ չվճարել: Սա ամենակարևոր սկզբունքն է, որ ներդրված է միասնական տոմսային համակարգում»,- ասաց Երևանի քաղաքապետը:
Ինչ վերաբերում է տրանսպորտի գնի փոփոխությանը, Ավինյանը նշեց՝ այն կփոխվի հունվարից, և ընդհանուր սկզբունքը դրված է այնպես, որ նրանք, որոնք շատ են օգտվում տրանսպորտից, նրանց համար գինը կարող է նվազել, իսկ նրանք, որոնք ավելի քիչ են օգտվում տրանսպորտից, վերջիններիս համար ծախսը հարաբերականորեն կարող է ավելանալ:
Քաղաքապետի խոսքով՝ իրական կյանքում մարդիկ կտեսնեն, որ իրենց ընդհանուր բյուջեի վրա շատ էական ազդեցություն չեն ունենա գնային փոփոխությունները։