«Արմավիր» ՔԿՀ-ում կազմակերպվել է բազկամարտի միջհիմնարկային առաջնություն
Քրեակատարողական ծառայության 105-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված միջոցառումների շարքից «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է սպորտային մեծ, աննախադեպ միջոցառում՝ բազկամարտի միջհիմնարկային առաջնություն:
Միջհիմնարկային առաջնությանը մասնակցել են դեռևս սեպտեմբերին յոթ քրեակատարողական հիմնարկներում՝ «Արմավիր», «Արթիկ», «Գորիս», «Նուբարաշեն», «Վանաձոր», «Վարդաշեն» և «Սևան», հիմնարկների ՍՀԻԱԲ աշխատակիցների կողմից կազմակերպված ներհիմնարկային բազկամարտի մրցաշարում առաջին երեք տեղերը զբաղեցրած 16 ազատազրկված անձինք:
Մրցաշարին հետևել են Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, «Արմավիր» ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանը, հիմնարկի վարչակազմը, Կենտրոնական մարմնի ստորաբաժանումների ներկայացուցիչներ, Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի մարզիչ Արման Փիրոյանը և մրցավար, Եվրոպայի չեմպիոն, սպորտի վարպետ Արման Հովհաննիսյանը:
Թեժ, անզիջում և համառ պայքարի արդյունքում առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար գրավել են դատապարտյալներ Ցոլակ Սիմոնյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից, Արթուր Մկրտչյանը «Արմավիր» ՔԿՀ-ից և «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալ Նարեկ Մարգարյանը:
Սահակ Գրիգորյանը շնորհավորել է հաղթողներին, բոլոր մասնակիցներին, շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին՝ վստահություն հայտնելով, որ մեծ ծավալի այս միջոցառումը կլինի նախադեպ հետագայում ևս նմանատիպ՝ միջհիմնարկային միջոցառումներ կազմակերպելու համար, այնուհետ Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի անունից հաղթողներին հանձնել է հավաստագրեր:
Միջոցառման տեխնիկական պատշաճ ապահովմանը օժանդակել է Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը: