Հնդկաստանում հարսանեկան նոր սեզոնը 70 միլիարդ դոլար կբերի երկրի տնտեսությանը
Հնդկաստանում սկսվում է հարսանեկան նոր սեզոնը և Հնդկաստանի առևտրի համադաշնության կանխատեսումների համաձայն՝ առաջիկա տոնակատարությունները երկրի տնտեսությանը կբերեն ավելի քան 70 միլիարդ դոլար։
Հնդկաստանում հարսանիքը կյանքի գլխավոր իրադարձությունն է, ավելի կարևոր, քան ցանկացած տոն կամ տարեդարձ: Ապագա նորապսակների ծնողները դրան պատրաստվում են երեխայի ծվելուց ի վեր՝ հավաքելով կապիտալ և օժիտ։ Հնդկական հարսանեկան բյուջեն հսկայական է՝ ցանկացած սոցիալական խավի համար, փոխանցում է Shantnews-ը։
Հարսանեկան սեզոնը սովորաբար սկսվում է բերքահավաքի ավարտից հետո: Այդ ընթացքում շրջանների մեծ մասում շոգը թուլանում է, ինչը կարևոր է զանգվածային տոնակատարությունների համար, որոնք սովորաբար անցկացվում են բաց երկնքի տակ։ Տոնակատարությունը տևում է երեք օր և ուղեկցվում է մեծ թվով ծեսերով, ուտեստներով, երգերով ու պարերով։
Աշնանը հարսանիքները տեղի են ունենում մինչև դեկտեմբերի կեսերը։ Նոր տարում դրանք անցկացվում են հունվարի կեսերից մինչև մարտ։
Փորձագետների կարծիքով՝ այս սեզոնին Հնդկաստանում տեղի կունենա 4,8 միլիոն հարսանիք, ինչը զգալիորեն ավելի է նախորդ տարվա համեմատ։ Դա պայմանավորված է նրանով, որ Հնդկաստանում հարսանիքի օրը պետք է համաձայնեցվի աստղագուշակի հետ, իսկ այս տարի, հնդկական հավատալիքների և աստղագուշակության տեսանկյունից, ընտանիք կազմելու համար բարենպաստ ժամկետների թիվը նախորդ տարվա համեմատ ավելի շատ է։