Զովունիում պարեկներն ու բժիշկները փրկել են Հնդկաստանի քաղաքացու կյանքը, ապա վնասազերծվել են կասկածյալներից 3-ը․ մանրամասներ
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զովունի գյուղի սկզբնամասում՝ «Ադանա» սգո սրահի դիմացի մայթին գտնվող, ժողովրդի կողմից «Բելի դոմ» անունը ստացած շինության ներսում վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել և կա վիրավոր, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Տեղում պարեկները նշված շինության առաջին հարկում հայտնաբերում են ամբողջությամբ արյունոտված մի քաղաքացու ու իրենց ծառայողական ավտոմեքենայում եղած դեղատուփի միջից օգտագործում անհրաժեշտ բժշկական պարագաներ, ապա ահազանգում են շտապօգնություն և օպերատիվորեն ժանանաժ բժիշկների խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերում վիրավորին, ապա ավագ պարեկ Արթուր Առաքելյանի և պարեկ Տիգրան Խեչումյանի ուղեկցությամբ նրան տեղափոխում են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից պարեկները անուհետև վերադառնում են դեպքի վայր։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․
«Ութն անց կեսի կողմերն էր, տեսանք պարեկների ավտոները «միգալկեքը» միացրած եկան էստեղ, մտան ներս ու նկատեցինք, որ պարեկներից մեկը իրենց ծառայողական ավտոմեքենայի «բագաժնիկից» դեղատուփը հանեց, ասինք ուրեմն էստեղ մի լուրջ բան ա եղել, թե չէ ինչի պետք ա դեղատուփը հանեին, հետո տեսանք՝ րոպեների ընթացքում շտապօգնության ավտոմեքենան եկավ ու մի հոգու, թևերը կապած, տեղափոխեցին շտապօգնության ավտոմեքենան ու նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Մի քանի րոպե անց եկան նաև Եղվարդի ոստիկանները, դե բնականաբար նրանց բոլորին ճանաչում ենք ու պարեկների հետ 3 հոգու էստեղից տարան, հետո իմացանք, որ վիրավորն ու ոստիկանություն տարված 3 հոգին ազգությամբ հնդիկներ են, ովքեր վարձակալական հիմունքներով մնում են առաջին հարկում։ Վիճաբանել են իրար հետ ու հնդիկներից մեկին կամ դանակով, կամ սրիչով մարմնի տարբեր հատվածներ վնասել են»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ կժամանեին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները, վիրավորը հիվանդանոցից եկավ ու ասում էր, որ իրեն վնասվածքներ է պատճառել իր հետ մնացող Հնդկաստանի քաղաքացիներից մեկը, իսկ 2-ը ականատես են եղել այդ ամենին և ցույց էր տալիս ներսում արնանման հետքերի մոտ ընկած սրիչը, ասելով, որ դրանով են իրեն վնասվածքներ պատճառել։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները, վիրավորի և ոստիկանության Նաիրիի բաժին տեղափոխված անձանց ինքնությունը։