Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայում կարող է իրականություն դառնալ. ՀՀ նախագահ
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու կողմերն էլ ունեն այն ընկալումը, որ երկրների հարաբերությունների համար նոր փուլ է հասունանում, որը ժամանակային առումով հեռու չէ։
Այս մասին ՀՀ նախագահն ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում՝ անդրադարձ կատարելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Ես այստեղ (խմբ-Աշխաբադում) հանդիպեցի Թուրքիայի ազգային ժողովի խոսնակի հետ (խմբ-Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշ): Տեղի ունեցավ շատ կարճ շփում, հնարավորությունն այդքան էր, նա էլ էր շտապում, քանի որ մեկ օրվա ընթացքում եկավ և գնաց, բայց նորից նույն խոսակցությունն էր․ խաղաղ ապրելու, սահմանները բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին էր խոսքը»,-մանրամասնեց Հայաստանի նախագահը՝ կարևորելով այն, որ տարբեր մակարդակներում կողմերի միջև խոսակցության թեման նույնն է, և այդ առումով երկու կողմերից էլ իշխանության տարբեր թևերի միջև տարակարծություններ չկան:
ՀՀ նախագահի դիտարկմամբ՝ այդ պետական քաղաքականության մեջ բոլորի մոտ առկա է այն ընկալումը, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները նոր փուլ են մտնում, որը ժամանակային առումով հեռու չէ:
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ Վահագն Խաչատուրյանը նշեց, որ երկու կողմերն էլ առիթը բաց չեն թողնում հանդիպումներ ունենալու, շփվելու ու կարգավորման շուրջ հարցերը քննարկելու համար:
«Սա խոսում է այն մասին, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայում կարող է իրականություն դառնալ. դա վերաբերում է և′ սահմանների բացմանը, և′ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»,-ասաց Վահագն Խաչատուրյանը՝ հիշեցնելով, որ այժմ օրակարգում դրված է շատ ավելի կարճ ժամանակում իրականանալի խնդիր՝ կապված երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար հայ-թուրքական սահմանը բացելու հետ։
ՀՀ նախագահի գնահատմամբ՝ վերոնշյալ հարցի շուրջ արդեն իսկ առկա համաձայնությունների իրականացումը ևս մեծ առաջընթաց կլինի:
Անդրադառնալով Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադբուլքադիր Ուրալօղլուի այն հայտարարությանը, թե Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված «հայկական կողմից առաջիկայում զարգացում կլինի»՝ ՀՀ նախագահը նշեց, որ չի կարող ասել ավելին, քան թուրք պաշտոնյան է հայտարարել, որովհետև իրականում հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ իրավիճակն այնպիսին է, ինչպիսին բոլորիս է հայտնի:
«Կա հաղորդակցություններն ապաշրջափակելու խնդիր, այսինքն՝ բոլորին հնարավորություն տալ օգտվել կոմունիկացիաներից, որոնք կան այսօր, և որոնց պոտենցիալը Հայաստանն ունի. այսինքն՝ տարածաշրջանն ուղղակի դարձնել մատչելի, հասանելի ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ընդհանրապես բոլոր երկրների և հենց տարածաշրջանային երկրների համար», - ընդգծեց ՀՀ նախագահը՝ հիշեցնելով, որ ՀՀ կառավարության կողմից ներկայացվող «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գաղափարը հենց դրանում է կայանում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։