Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները տարբեր ուղղություններով զարգացնելու ջանքերը տալիս են իրենց արդյունքները. Վասիլիս Մարագոս
Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները տարբեր ուղղություններով զարգացնելու ջանքերը տալիս են իրենց արդյունքները։
Այս մասին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարեց Երևանում կայացած «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովում:
«Եվրոպական խորհրդից ստացել ենք կոնկրետ առաջադրանք, որպեսզի զարգացնենք Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները տարբեր ուղղություններով: Դրանից հետո ԵՄ-ն և Հայաստանն անխոնջ աշխատում են, բացահայտում են նոր հնարավորություններ, որպեսզի սա կյանքի կոչվի: Հպարտությամբ պետք է նշեմ, որ համատեղ ջանքերը տալիս են արդյունքներ: Ինչո՞ւ: Որովհետև կա համատեղ քաղաքական հանձնառություն և կա կոնկրետ կենտրոնացում երկու կողմերից: Ինչպես նաև կա համատեղ հանձնառություն մեր ընդհանուր արժեքներին՝ մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը: Եվրոպական Միությունն աջակցել և շարունակում է աջակցել Հայաստանին մի շարք ուղղություններով՝ տնտեսական, դատաիրավական բարեփոխումների: Փոխկապվածությունը, անկախությունը, տարածաշրջանային կապերը և խաղաղությունը սրա մի մասն են նաև»,- նշեց Վասիլիս Մարագոսը:
Ներկայում, ըստ Մարագոսի, գործընկերության ծրագրի շուրջ բանակցություններում բավականին առաջխաղացում կա:
«Եվրոպական հաստատությունների նոր թիմ է ձևավորվել, որն աշխատում է այդ ուղղությամբ և շուտով կբացենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամբողջական պոտենցիալը, որը համաձայնեցրել ենք նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում: Արդարադատություն, կառավարում, մարդու իրավունքներ. սրանք մեր աշխատանքի այն հիմնական ուղղություններն են, որոնցով ոչ միայն հզորացնում ենք հայկական հաստատություններն, այլև փորձում ենք ապահովել երկրի ժողովրդավարական դիմակայունությունը երկարատև կտրվածքով»,-հայտարարեց բանախոսը: