«Խաղաղության խաչմերուկը» կարող է ստեղծել տնտեսական նախադրյալներ անվտանգության ու կայունության համար. Փաշինյան
Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է բարեբախտություն լինել տարածաշրջանի համար՝ ստեղծելով տնտեսական նախադրյալներ անվտանգության ու կայունության համար:
Նման համոզմունք հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի շրջանակում:
«Այս նախագիծը կարող է բարեբախտություն լինել մեր տարածաշրջանի համար՝ ստեղծելով տնտեսական նախադրյալներ անվտանգության ու կայունության համար: Իմ համոզմունքն է նաև այն, որ տնտեսական նախադրյալների բացակայության միջավայրում չի կարող լինել անվտանգություն ու կայունություն»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ մեր իրականությունում, անվտանգություն ասելով, հասկանում են միայն բանակը: Սակայն, ըստ նրա, այն պայմաններում, երբ անվտանգություն ասելով՝ հասկանում են միայն բանակ, նշանակում է, որ անվտանգություն գոյություն չունի և չի կարող ունենալ:
«Բանակը, ինչ խոսք, առանցքային դերակատարում ունի անվտանգության ապահովման գործում, սակայն բանակի դերակատարումն անվտանգության ապահովման գործում առաջինը չէ և երկրորդը չէ: Եթե առաջինը կամ երկրորդն է, նշանակում է, որ անվտանգության համակարգը լիարժեքորեն խարխլված է: Այս տրամաբանությամբ թվում է, որ այս նախագիծն առաջին հերթին անվտանգության ապահովման մասին է, իսկ որպես դրա արդյունք՝ բարեկեցության ապահովման մասին»,-ասաց նա: