Ադրբեջանն ուզում է՝ Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց Հայաստանը մնա շրջափակման մեջ. Փաշինյան
Ադրբեջանն իր այսօրվա խոսույթով ուզում է, որ Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միևնույն ժամանակ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ:
Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի շրջանակում:
«Ադրբեջանն իր այսօրվա խոսույթով ուզում է, որ Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միևնույն ժամանակ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ: Թվում է, թե սա աբսուրդ ձևակերպում է, բայց ադրբեջանական խոսույթի մեր վերլուծությունը ցույց է տալիս դա, որ ճանապարհները բացվեն Հայաստանի տարածքով, բայց Հայաստանը մնա բլոկադայի մեջ»,-ասաց Փաշինյանը՝շեշտելով, որ այդ անտրամաբանական մոտեցումը Հայաստանի համար չի կարող ընդունելի լինել:
Տարածաշրջանային հաղորդակցությունների բացման համատեքստում վարչապետն անդրադարձավ նաև Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապին՝ շեշտելով, որ Հայաստանը պատրաստ է տրամադրել այդ կապը: Փաշինյանը հիշեցրեց՝ Ադրբեջանն ասում է՝ եթե Հայաստանն իր պայմաններով չի ցանկանում կապ տրամադրել, ապա իրենք այդ կապի համար կօգտվեն Իրանի տարածքից:
Ըստ նրա՝ այդ խոսույթն ինքնին նշանակում է, որ Ադրբեջանի համար ընդունելի են այն պայմանները, որոնք առաջարկում է Իրանը՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապ ապահովելու համար։
«Ակնհայտ է, որ այդ տարբերակն ընդունելի է Ադրբեջանի համար: Եվ մենք էլ ասում ենք, որ Հայաստանը պատրաստ է ճշգրիտ նույն պայմաններով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապը: Սա շատ կարևոր շեշտադրում է իրադրությունը պարզաբանելու համար: Ավելին՝ մենք ասում ենք, որ այս կապի համար պատրաստ ենք իրականացնել անցման և հսկողությունների որոշակի պարզեցումներ՝ երկրների փոխադարձության, հավասարության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա շատ կառուցողական առաջարկ է:
Բայց նա ընդգծեց, որ Հայաստանն ամենևին չի կարող բացասական արտահայտվել Իրանի տարածքով այդ կապուղիները զարգացնելու վերաբերյալ, որովհետև նախ Իրանը Հայաստանի հարևան ու բարեկամ երկիրն է, բացի այդ՝ դա երկու երկրների ինքնիշխան հարաբերությունների հարց է: