Փաշինյանը հերքել է խոսակցությունները, թե «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դրսից Հայաստանին պարտադրված է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է այն մեկնաբանությունները, թե Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պարտադրված է դրսից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ ունեցած ելույթում:
Փաշինյանն ասել է, որ իրեն զարմանք են պատճառում մեկնաբանությունները, թե այդ նախագիծը որևէ կերպով թելադրված է արտաքին աշխարհից։ «Դա իրադրության պատշաճ գնահատականի բացակայության հետևանք է։ Այս նախագիծը Հայաստանի Հանրապետության շահագրգռությունների կիզակետում է»,-ընդգծեց Փաշինյանը:
Վարչապետը շեշտեց՝ ակնհայտ է, որ այս նախագծով առաջարկվող լուծումներով Հայաստանն առավել քան շահագրգռված է:
«Պատկերացրեք՝ մենք զարգանում ենք մեր սահմանային պոտենցիալի, այսինքն՝ տարանցիկ և ներմուծման ու արտահանման պոտենցիալ ենթակառուցվածքների մեծ մասը չօգտագործելով: Հայաստանի ունեցած պոտենցիալ ենթակառուցվածքային հնարավորությունների 70 տոկոսը չի օգտագործվում, որովհետև չունի համաշխարհային երկաթուղային ցանցին կապվելու իրական ու իրատեսական հնարավորություն, չունի նաև համաշխարհային Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք ճանապարհային ցանցի հետ ինտեգրվելու իրական հնարավորություն: Կամ այս հնարավորությունները խիստ սահմանափակ են, կամ արհեստականորեն խոչընդոտված՝ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան սահմանների 100 տոկոսով փակ լինելու հետևանքով»,-նշեց նա: