Տղայիս հույս չեն տալիս․ Սյունիքում 10 հոգով ծեծել են 44-օրյա պատերազմի մասնակցին
«Մոտ 10 հոգով հարձակվել են տղաներիս վրա ու ծեծի ենթարկել»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց նախօրեին Սյունիքի մարզում ծեծի ենթարկված տղաների հայրը՝ Սիրակ Նավասարդյանը։
Նրա խոսքով՝ տղաները կազմակերպությունում բեռնատարի վարորդ են աշխատում, բեռներ են տեղափոխում։ Դեպքը եղել է հենց աշխատանքի ժամանակ։
«Տղաներս գրուզը բարձած տարել, դատարկել են, մեծ տղաս մի 2 րոպե առաջ է եղել փոքր տղայիցս։ Հետ գալիս մեծին կանգնեցրել են, այդքանով հարձակվել են վրան ու խփել են։ Բժիշկն ասում է՝ դա ձեռքի խփած չի, բութ գործիքի խփած է, որ ողնուղեղը ջարդվել է։ Արդեն 2-րդ օրն է՝ ոչ մի առաջխաղացում չկա առողջական վիճակում, դեպի հետ է գնում, գիտակցության չի գալիս, արհեսատական շնչառությունը միացրած, անշարժ պառկած է։ Ասում են, եթե անգամ կյանքը փրկվի, տղաս անդամալույծ է լինելու, ոչ ոտքերն է աշխատելու, ոչ՝ ձեռքերը։
Ես դրան էլ եմ համաձայն, բայց հույս չեն տալիս, մի գրամ հույս չկա․․․»,- ասաց 41-ամյա տղամարդու հայրը։
Նրա խոսքով՝ որդին, որ 2 երեխաների հայր է, 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակից է․
«Իր մեքենայով կամավոր մեկնել է ռազմաճակատ, զինամթերք է կրել ու անփորձանք վերադարձել է տուն։ Հիմա մի քանի բաշիբոզուկների պատճառով տղես մահամերձ պառկած է։ Եթե պատերազմի դաշտում զոհվեր կամ վիրավորվեր․․․
Հասկացանք՝ վիճել են, բայց կարելի՞ է 10 հոգի մարդ բերել 1 հոգու վրա։ Փոքր ախպերն եկել է, որ հանի, հետևից բութ գործիքով նրա գլխին էլ են տվել․․․»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 9։00-ի սահմաններում, Սյունիքի մարզում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է ծեծկռտուքով։ Մոտ 10 հոգով ծեծի են ենթարկել հարազատ եղբայրների, որոնց տեղափոխել են հիվանդանոց։ 36-ամյա Վահրամ Նավասարդյանը դուրս է գրվել, իսկ 41-ամյա Մկրտիչ Նավասարդյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Մանրամասները՝ տեսանյութում։