Բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացին մեծ թվով զենք-զինամթերք է թողել Չարենցավան քաղաքում
ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման միջոցառումները, միաժամանակ բնակչության շրջանում անցկացնելով բացատրական աշխատանք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու և քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 10-ին, ժամը 21.10-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին զենք է թողնում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցի հարակից տարածքում գտնվող պանելների մոտ:
Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել են «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, երկփողանի հրացան, փայտյա արկղ, որի մեջ եղել են 8 ականանետի համար նախատեսված արկեր՝ իրենց գլխիկներով, 5 լուսաձայնային պայթուցիչներ, այլ տեսակի 13 պայթուցիչներ, Ֆ-1 տեսակի նռնակ, տարբեր տրամաչափի 599 փամփուշտ և ինքնաձիգի փամփշտատուփեր:
Բացատրական աշխատանքի արդյունքում 41-ամյա մի տղամարդ ոստիկանության Չարենցավանի բաժին է ներկայացրել «Սայգա» տեսակի ակոսափող հրազեն և 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող հրացան:
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Չարենցավանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: