Սթոլթենբերգը գիրք կգրի ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում եղած ժամանակահատվածի մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, ով պաշտոնաթող է եղել 10 օր առաջ, գիրք կգրի դաշինքի ղեկավարի պաշտոնում իր 10 տարվա ժամանակահատվածի մասին։ Նա իր հուշերը նախատեսում է թողարկել 2025 թվականի աշնանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հոկտեմբերի 1-ին Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել գործերի պաշտոնական փոխանցում դաշինքի նոր գլխավոր քարտուղար, Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Նախկինում Սթոլթենբերգը հայտարարել էր, որ պաշտոնավարման ժամկետն ավարտելուց հետո գիրք է գրելու, սակայն դրա բովանդակությունը սկզբում չէր հրապարակել։
«Իմ հերթափոխը» վերնագրով գրքում Սթոլթենբերգը կխոսի ՆԱՏՕ-ում աշխատելու մասին «շատ դրամատիկ ժամանակաշրջանում»։ Հիմնական թեմաները կլինեն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը, ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի հետ փոխգործակցությունը, ինչպես նաև դաշինքի հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Գրքի իրավունքներն արդեն վաճառվել են ինը երկրների։