Քաղաքաշինական խորհրդի նիստին ներկայացվել է «Երևանի Փոքր Կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագիծը
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի նիստ։
Ինչպես հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից, ներկայացվել է «Երևանի Փոքր Կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագիծը, որը խմբագրվել է նախորդ քննարկումների հիման վրա։
Կոմիտեի մշակած նախագծի նպատակն է մայրաքաղաքի համաչափ զարգացմանը զուգընթաց պահպանել Փոքր Կենտրոնի ճարտարապետական դիմագիծը:
«Կոմիտեն նպատակ ունի մասնագիտական հանրության աջակցությամբ վերջնարդյունքին հասցնելու մանրակրկիտ աշխատանք պահանջող և մայրաքաղաքի հիմնական միջուկը հետագա ձևափոխումից պաշտպանող նախաձեռնությունը։ Ուստի շատ եմ կարևորում բոլորիդ կարծիքը և առաջարկությունները, որոնք ընդգրկվելու են նախագծում»,- նշել է Եղիազար Վարդանյանը։
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է կանոնակարգել Երևանի Փոքր Կենտրոնի առանձնահատկություններից բխող քաղաքաշինական գործունեության իրականացման պայմանները, «բեռնաթափել» կենտրոնը, կարգավորել կառուցապատման խտությունը։ Կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը մանրամասնել է, որ նախագծով մեծ տեղ է հատկացվում պատմամշակութային հուշարձանների, կանաչ գոտիների պահպանմանը, վարչական շրջանների համաչափ զարգացմանը, կառուցապատման ծրագրերի վերաբերյալ հանրության իրազեկմանը։ Հստակեցվում են սահմանափակումները, ծրագրերի համաձայնեցման ընթացակարգերը, ապահովվում է կապը գլխավոր հատակագծի և քաղաքաշինական մյուս փաստաթղթերի հետ։
Քաղաքաշինական խորհրդի անդամները կարևորել են նախագծի օր առաջ հաստատումը։ Նրանք ներկայացնելու են իրենց առաջարկները, որոնց հիման վրա լրամշակված նախագիծն ուղարկվելու է շահագրգիռ բոլոր կառույցներին, ինչպես նաև դրվելու է հանրային քննարկման։