ՀՀ նախագահն Աշխաբադում մասնակցել է թուրքմեն բանաստեղծ Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված համաժողովին
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Աշխաբադում մասնակցեց թուրքմեն բանաստեղծ, մտածող և թուրքմենական դասական գրականության հիմնադիր Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված համաժողովին:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Աշխաբադում անցկացված համաժողովը, որը կրում է «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը՝ խաղաղության և զարգացման հիմք» խորագիրը, մասնակցեցին նաև մի շարք այլ պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։ Համաժողովին մասնակցեցին նաև բարձրաստիճան պաշտոնյաներ Մոնղոլիայից, Պակիստանից և մի շարք այլ երկրներից:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր ելույթում մասնավորապես նշեց, որ մեծագույն պատիվ է մասնակցել բարձր մակարդակի միջազգային համաժողովի, որը կազմակերպվել է ի հիշատակ թուրքմեն ժողովրդի հպարտության՝ վաստակաշատ բանաստեղծ ու մտածող, թուրքմենական դասական գրականության հիմնադիր Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին:
«Նրա անզուգական ներդրումն անջնջելի հետք է թողել տարածաշրջանի մշակութային և մտավոր ժառանգության մեջ, մասնավորապես Թուրքմենստանի գրական և ազգային ինքնության վրա, և այն շարունակում է ոգեշնչել սերունդներին աշխարհի տարբեր անկյուններում:
Հիրավի, կան այնպիսի անհատներ, ովքեր իրենց խորը էությամբ և նվիրումով այնքան են միաձուլվում իրենց ժողովրդի մշակութային ԴՆԹ-ի հետ, որ իրենք էլ դառնում են երկրի քաղաքակրթական կոդի անբաժանելի մասնիկը: Իսկ Մահթումկուլի Ֆրագին, իհարկե, այն մշակութային հարստացնողներից է, ովքեր ծնվում են դարաշրջանը մեկ անգամ», - իր ելույթում նշեց Վահագն Խաչատուրյանը՝ կարծիք հայտնելով, որ Մահթումկուլիի պոեզիան հանդիսանում է մարտահրավերների, համարձակ հավակնությունների և հարատև հաղթանակների բացահայտ վկայություն, որոնք սահմանում են թուրքմեն ժողովրդի պատմական և մշակութային պատմությունը:
ՀՀ նախագահի խոսքով՝ համամարդկային արժեքների ջատագով և մարդասեր Մահթումկուլի Ֆրագիի ուղերձները շարունակում են արդի մնալ մինչ օրս։
«Հայերը քաջածանոթ են նրա ստեղծագործություններին, ինչը մեզ հնարավորություն է տալիս նկատել բազմաթիվ նրբերանգային զուգահեռներ նրա գրական ավանդների և հայ գրականության պատմության հարուստ գոբելենի միջև։ Տեղին է հիշատակել Սայաթ-Նովայի հարուստ և նրբագեղ գրական ժառանգությունը, որի երաժշտա-բանաստեղծական ժառանգությունը ծառայում է որպես մշակութային փարոս հայախոս աշխարհի համար, ճիշտ այնպես, ինչպես Մահթումկուլիի ստեղծագործությունները՝ թուրքմեն ժողովրդի համար», - ասաց Խաչատուրյանը՝ նկատելով, որ թեև երկու բանաստեղծներն էլ խորանում են համընդհանուր թեմաների մեջ, ինչպիսիք են սերն ու կորուստը, նվիրումն ու ինքնությունը, նրանք խորապես լուսավորում են մարդկային փորձառության հարստությունն ու բազմազանությունը:
Թուրքմեն բանաստեղծին նվիրված համաժողովի ընթացքում ունեցած ելույթում ՀՀ նախագահը նաև նշեց, որ Մահթումկուլին ընդլայնել է ազգային գրականության հայեցակարգը՝ ընդգծելով մարդասիրությունը, որը կապում է մեզ բոլորիս:
Նախագահի խոսքով՝ Մահթումկուլին անդրադարձել է մարդկային փորձառության տարբեր ասպեկտներին՝ միաժամանակ ընդգծելով մեզ միավորող ընդհանրությունները:
«Այս իմաստով, այս հիշարժան առիթը կարող է դիտվել նաև որպես դասական գրականության վերագնահատման առանցքային ջանք՝ ազգերի միջև բովանդակալից կապեր հաստատելու, փոխադարձ հարգանք զարգացնելու, ազգային գրականությունը համաշխարհային ժառանգության ավելի լայն շրջանակում ինտեգրելու հրամայականի խորը ըմբռնումը խթանելու», - ընդգծեց ՀՀ նախագահը:
Նա նաև հավելեց, որ Մահթումկուլի Ֆրագին կարողացել է ներկայացնել իր խորը փիլիսոփայական մտքերի շնորհները՝ մատուցելով դրանք յուրովի։
«Մահթումկուլիի բանաստեղծությունները կարդալիս՝ կարելի է զգալ «թուրքմենական այգիների ստվերն ու զովությունը»: Մահթումկուլի Ֆրագիի պոեզիան իր բնույթով խաղաղասիրական է, և իր ստեղծագործություններում խաղաղության ուղերձ է հղում աշխարհի բոլոր ժողովուրդներին: Մահթումկուլիի պոեզիան լավագույնս կարելի է նկարագրել իր իսկ խոսքերով՝ «Արևից ավելի պայծառ և լուսնից ավելի մաքուր»: Հատկապես հետաքրքիր է, որ Մահթումկուլին հիշեցնում է իր ընթերցողներին՝ «Օրհնված է բարերարը, որովհետև բարի գործերը տարածվում են աշխարհով»: Այստեղ կարող ենք տեսնել, որ հեղինակը հասարակության բարօրությունը կապում է յուրաքանչյուր անհատի հոգու բարօրության հետ», - իր ելույթում ասաց նախագահը՝ միաժամանակ շեշտելով, որ մարդկությունը պետք է լսի և ուշիմ լինի այս ուղերձին, որն արձագանքում է դարերի խորքից ավելի քան երբևէ, երբ մարդկությունը բախվում է աննախադեպ մարտահրավերների, նոր սպառնալիքների և համաշխարհային մասշտաբի մարտահրավերների:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկաներին հայտնեց, որ իր համար առանձնահատուկ ուրախություն է, որ հոկտեմբերի 12-ին Թուրքմենստանի մայրաքաղաքում կներկայացվի Մահթումկուլի Ֆրագիի ընտրյալ ստեղծագործությունների հայերեն թարգմանությունը։
«Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Թուրքմենստանի հարգարժան նախագահին՝ այս կարևոր համաժողովին իր սիրալիր հրավերի, կառուցողական երկխոսության և ապագա համագործակցության նոր վայր ստեղծելու համար», - եզրափակեց ՀՀ նախագահը:
Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը Մահթումկուլի Ֆրագիի ստեղծագործական գործունեության մասսայականացման գործում ունեցած ներդրման համար ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին պարգևատրեց թուրքմեն բանաստեղծի 300-ամյակին նվիրված հուշամեդալով:
Թուրքմեն բանաստեղծ, փիլիսոփա, թուրքմենական դասական գրականության հիմնադիր։ Նրա ստեղծագործական ժառանգությունը թուրքմեն ժողովրդի ազգային հարստությունն է։
2024թ. լրանում է Մահթումկուլիի ծննդյան 300-ամյակը: Ներկայում Թուրքմենստանում արդեն ընթանում են նրա տարեդարձի նախապատրաստական աշխատանքներն, ինչը պայմանավորված է թուրքմենների հոգևոր կյանքում նրա ունեցած դերով: Թուրքմեն մեծ բանաստեղծ և մտածողի ծննդյան 300-ամյակի տոնակատարությունն ընդգրկվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2024-2025թթ.նշանակալի ամսաթվերի ցանկում: Ըստ թուրքմենական աղբյուրների՝ բանաստեղծի տարեդարձին նախատեսվող միջոցառումները կնպաստեն նրա գրական հարուստ ժառանգության ավելի խոր ուսումնասիրությանն ու լայն տարածմանը։ Նախատեսվում է նաև «Մահթումկուլի Ֆրագիի հանրագիտարանի» ստեղծումը, որը ներառում է ժամանակակից թվային տեխնոլոգիաների միջոցով պոեզիայի հետ կապված բոլոր տեղեկություններն, ինչպես նաև «Մահթումկուլի Ֆրագիի դիվանի» պատրաստումը թվային և տպագիր եղանակով:
Վերջին տարիներին մեծ հումանիստ բանաստեղծ Մահթումկուլիի ժողովածուները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, արաբերեն, ղազախերեն, բելառուսերեն, թուրքերեն, ադրբեջաներեն, ուզբեկերեն, տաջիկերեն, վրացերեն, ուկրաիներեն, չինարեն, ճապոներեն, ռումիներեն և այլն: Մահթումկուլիի հուշարձաններ են կանգնեցվել աշխարհի տարբեր քաղաքներում։ Ամենաշատ քանդակները գտնվում են Թուրքմենստանի քաղաքներում, ինչպես նաև Կիևում, Աստրախանում, Խիվայում, Իրանում և Թուրքիայում։
Երևանի պետական համալսարանի համագործակցությունը Թուրքմենստանի գիտակրթական և մշակութային կենտրոնների, հատկապես՝ Թուրքմենստանի Մահթումկուլիի անվան պետական համալսարանի հետ ունի տասնյակ տարիների պատմություն: Հայաստանի գիտական շրջանակները հաջողությամբ համագործակցում են իրենց թուրքմեն գործընկերների հետ գիտության, կրթության, մշակույթի ամենատարբեր ոլորտներում:
Երևանի պետական համալսարանի և Թուրքմենստանի Մահթումկուլիի անվան պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, հայ և թուրքմեն մշակույթի գործիչներն ավանդաբար կազմակերպում են ամենամյա համատեղ միջազգային գիտաժողովներ և գրական ընթերցումներ:
Մահթումկուլիի ծննդյան 300-ամյակի կապակցությամբ Երևանի պետական համալսարանն առաջարկել է Արևելագիտության ֆակուլտետում ստեղծել թուրքմենական լեզվի, պատմության և մշակույթի կենտրոն։ 2024թ. Հայաստանում կհրատարակվեն նաև Մահթումկուլի Ֆրագիին նվիրված նոր գիտական աշխատություններ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով Աշխաբադ է ժամանել հոկտեմբերի 10-ին։
Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:
Թուրքմենստան կատարած այցի շրջանակներում ՀՀ նախագահը հոկտեմբերի 11-ին նաև հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։