Խաղաղության համաձայնագրի ստորագրումն անհնար է առանց Հայաստանի՝ տարածքային պահանջներից հրաժարվելու. Ամիրբեկով
Հայաստանը փորձում է ցույց տալ իր ջանքերը՝ որքան հնարավոր է շուտ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է Sputnik Ադրբեջանը Telegram-ի իր ալիքում։
Ամիրբեկովը մեկնաբանել է Հայաստանի ղեկավարության հայտարարությունները հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին։
Նրա կարծիքով, նման հայտարարությունները միջազգային հանրությանը «ցուցադրելու» և նրանց իրական մտադրությունները թաքցնելու փորձ են։
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչն ընդգծել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումն անհնար է առանց Հայաստանի տարածքային պահանջներից հրաժարվելու։
«Այսպիսով, գնդակն այսօր հայկական կողմում է, և մենք հուսով ենք, որ Հայաստանը բաց չի թողնի պատմական հնարավորությունը մեկընդմիշտ շրջելու մեր հարաբերությունների ողբերգական էջը»,- հավելել է Ամիրբեկովը։
Ավելի վաղ Ադրբեջանի Զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևը ԵՄ առաքելությանը մեղադրել էր տարածաշրջանում իրավիճակի սրման մեջ։