Ցանկություն ունենք Հայաստանը դիրքավորել որպես ժողովրդագրական գիտելիքի ստեղծման և տարածման երկիր․ Նարեկ Մկրտչյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ դիտարկվել է նաև կառույցի աջակցության հնարավորությունը՝ ժողովրդագրական մարտահրավերների լուծմանն ուղղված աշխատանքներում։
Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությունը՝ ոլորտային տարբեր բարեփոխումների իրականացման գործում։ Այս համատեքստում նախարարը, մասնավորապես՝ ընդգծել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությամբ սահմանված նպատակների իրագործման կարևորությունը՝ մանրամասնելով ռազմավարական 4 նպատակների ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։
«Ցանկություն ունենք Հայաստանը դիրքավորել որպես ժողովրդագրական գիտելիքի ստեղծման և տարածման երկիր։ Ժողովրդագրության ռազմավարությամբ սահմանված ծրագրերի իրականացման գործում կարևորում ենք նաև հասարակության վարքագծային փոփոխությունների ուղղությամբ աշխատանքը, որովհետև հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների շրջանում, ովքեր ունեցել են այլ կենսակերպ, պետք է շարունակական և արդյունավետ աշխատանքներ իրականացնենք դրանք վերափոխելու ուղղությամբ»,- ասել է նախարարը։
Ֆլորենս Բաուերը ևս կարևորել է սոցիալական պաշտպանության ոլորտի տարբեր ուղղություններով ԱՍՀ նախարարության հետ համատեղ իրականացված արդյունավետ աշխատանքների դերը։ Վերջինս նշել է, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կշարունակի աջակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ժողովրդագրական մարտահրավերների լուծմանն ուղղված նախաձեռնություններում։ Ֆլորենս Բաուերի խոսքով՝ տարածաշրջանի համար կարող է լավ օրինակ լինել Ժողովրդագրության ռազմավարությունը։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը վերահաստատել է կառույցի՝ կանանց, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց հզորացմանն ուղղված ջանքերին նպաստելու հանձնառությունը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը՝ գենդերային բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարում, այդ թվում՝ օրենսդրական բարեփոխումների, կարողությունների զարգացման ու թվային նոր գործիքների ներդման միջոցով։