Հայաստանի և Հնդկաստանի ազգային արխիվները թվայնացման ոլորտում գործակցության հուշագիր կստորագրեն
Արդարադատության նախարարության Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը հյուրընկալել է Հնդկաստանի ազգային արխիվի տնօրեն դոկտոր Արուն Սինգհալին, փոխտնօրեն դոկտոր Սանջայ Գարգին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանի առաջին քարտուղար տիկին Ռաջ Բալային։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների արխիվների միջև առաջիկայում կնքվելիք հուշագրի մանրամասները։ Մասնավորապես, համագործակցության շրջանակներում նախատեսվում է խորացնել արխիվային փաստաթղթերի թվայնացման և պահպանման, թվային աշխարհի կանոններին համապատասխան՝ արխիվային ոլորտի աշխատակիցների վերապատրաստման և համատեղ ցուցադրությունների կազմակերպման գործընթացը։
Հնդկաստանի ազգային արխիվի տնօրեն դոկտոր Սինգhալը մանրամասն ներկայացրել է Հնդկաստանի արխիվային փորձն ու ձեռբերումները թվայնացման ոլորտում։ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը ևս ներկայացրել է Ազգային արխիվի թվայնացման աշխատանքները և արխիվի կողմից մատուցվող ծառայությունները, ինչպես նաև համագործակցությունն այլ ոլորտներում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել նախապատրաստական աշխատանքները հուշագրի կնքման ուղղությամբ։ Հնդկական կողմը Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանին հրավիրել է Հնդկաստան, որտեղ 2025 թվականին նախատեսվում է հուշագրի ստորագրումը:
Հանդիպման ավարտին հյուրերը շրջայց են կատարել Հայաստանի ազգային արխիվի պահոցներում, ցուցասրահում և թվայնացման բաժնում։