Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցածի առնչությամբ ՄԻՊ-ի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցածի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:
«Դեպքի առնչությամբ երեխաների իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ ցանկացած տեսակի բռնությունից զերծ մնալու, անձնական տվյալների պաշտպանության, անհրաժեշտ աջակցությունների տրամադրման և լավագույն շահի երաշխավորման հետ կապված այլ հարցերը Պաշտպանի ուշադրության կենտրոնում են։ Այդ համատեքստում առկա խնդիրները բացահայտելու նպատակով Պաշտպանը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավասու պետական մարմինների ցանկացած գործողության առանցքում պետք է լինի երեխայի իրավունքների պաշտպանությունն ու լավագույն շահի երաշխավորումը:
Անհրաժեշտության դեպքում հանդես կգանք լրացուցիչ հաղորդագրությամբ»,- նշված է հայտարարությունում:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, աշխատակցներից մեկին տեղափոխել են Քննչական կոմիտե։
Աշխատակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ անառակաբարո արարք կատարելու հոդվածով, հայտնել է ՔԿ մամուլի քարտուղարը: Գոռ Աբրահամայանը հայտնել է, որ քննիչը կայացրել է աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչը և իրականացվել է։ Այս պահին այդ անձի հետ կատարվում են քննչական գործողություններ։ Այլ տեղեկություն նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվել։
Հանրակրթական դպրոցներից մեկում իրավապահ մարմինների իրականացրած հատուկ գործողության առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը գրությամբ դիմել է համապատասխան մարմիններին՝ կատարված գործողությունների՝ երեխայի լավագույն շահի տեսանկյունից իրավաչափության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով: