Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար
Կառավարությունը սահմանել է Հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից առցանց կամ այլ հարթակներում հյուրանոցային ծառայությունների գովազդներում կամ հյուրանոցային ծառայություն մատուցելու մասին իր կողմից տարածվող հայտարարություններում, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտում տեղադրվող տեղեկատվությանը ներկայացվող չափանիշները և տեղեկատվության տեղադրման կարգը:
Որոշման ընդունումը կնպաստի հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց պատշաճ, թափանցիկ գործունեության, հավասար մրցակցային դաշտի, ծառայությունների բարձր որակի և տեղեկատվության հասանելիության ապահովմանը։
Կարգի սահմանումը հնարավորություն կտա ապահովել որակյալ ծառայությունների, հավասար մրցակցային դաշտի առկայությունը զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաև՝ առկա տեղեկատվության թափանցիկությունն ու հասանելիությունը։
Հիմնավորման համաձայն՝ 2019 թ. զբոսաշրջության զարգացման ռազմավարության մշակման գործընթացում հարցում է անցկացվել Հայաստան այցելած զբոսաշրջիկների շրջանում: Հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ հարցվածների մի զգալի հատված միջին և միջինից ցածր է գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները։
Հայաստանում զբոսաշրջության բնագավառում առկա խնդիրներից են հյուրանոցային տնտեսության օբյեկտների՝ իրենց տեսակին չհամապատասխանող տեսակով ներկայանալն ու դրանց նկատմամբ վերահսկողական մեխանիզմներ չունենալը։
Զբոսաշրջության ոլորտի նոր օրենսդրությամբ նախատեսված է 2024 թ. սեպտեմբերի 1-ից զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը դարձնել ծանուցման ենթակա, ինչը թույլ կտա նաև նոր կարգավորումներ ներդնել հյուրանոցային ծառայությունների ոլորտում։
Այդ փոփոխությունը կնպաստի նաև ՀՀ-ում ծառայությունների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության տրամադրման, վերահսկողության մեխանիզմների ներդրմանը, զբոսաշրջության բնագավառում վիճակագրության բարելավմանը։