Բախվել են «Mitsubishi»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր «07»-ի վարորդին դուրս են բերել արգելափակումից, ապա 2 վիրավորների հետ պատգարակներով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: