Պարեկներն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
Սյունիքի մարզի պարեկները հոկտեմբերի 9-ին Մեղրի քաղաքի Ադելյան փողոցում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ-52» մակնիշի մեքենան: Մեղրիի բնակիչ վարորդը թափքում առկա 6 խմ փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մեղրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Պարեկների հաջորդ բացահայտումն արձանագրվել է Վերին Խոտանան բնակավայրում ծառայություն իրականացնելիս: Նրանք անտառամիջյան ճանապարհին հայտնաբերել են ապօրինի շահագործվող «ԳԱԶ-66» մակնիշի մեքենա, որը բարձված էր շուրջ 6 խմ փայտանյութով: Մեքենան քարշակման միջոցով տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Միջոցներ է ձեռնարկվում՝ վարորդին և փայտանյութի տիրոջը հայտնաբերելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: