Ի՞նչ անել սթրեսի մակարդակը կառավարելու համար. խորհուրդներ՝ գործատուներին և աշխատողներին
Այս տարվա կարգախոսն է. «հոգեկան առողջությունն աշխատավայրում առաջնահերթություն դարձնելու ժամանակն է»։ Նպատակն է շեշտադրել աշխատանքի և հոգեկան առողջության կարևոր կապը:
Չափահաս մարդկանց մեծ մասն օրվա մեծամասնությունն անցկացնում է աշխատավայրում։ Անվտանգ և առողջ աշխատանքային միջավայրը, աջակցող պայմանները պաշտպանիչ գործոն են հոգեկան առողջության համար:
Մինչդեռ աշխատանքային անառողջ պայմանները, ներառյալ` խարանը և խտրականությունը, բացասական ազդեցություն են ունենում անձի հոգեկան առողջության և կյանքի ընդհանուր որակի վրա` նվազեցնելով աշխատունակությունը, արտադրողականությունը և աշխատանքից բավարարվածությունը:
Սթրեսի մակարդակը կառավարելու և հոգեկան բարեկեցության վիճակ ապահովելու նպատակով.
Խորհուրդներ գործատուներին`
1. ստեղծե՛ք բարենպաստ պայմաններ ձեր աշխատակիցների համար,
2. պահպանե՛ք աշխատանքային ժամերի օպտիմալ տևողությունը,
3 ստեղծե՛ք պայմաններ աշխատողների հանգստի և լիցքաթափման համար։
Խորհուրդներ աշխատողներին`
1. պահպանե՛ք ֆիզիկական ակտիվությունը նույնիսկ աշխատանքային ժամերին. ֆիզիկական վարժությունների ընթացքում գլխուղեղում արտադրվում են էնդորֆիններ, որոնք նվազեցնում են սթրեսի մակարդակը, բարելավում տրամադրությունը,
2. պահպանե՛ք քնի հիգիենան և սնվե՛ք առողջ, մի՛ աշխատեք քնի և հանգստի հաշվին,
3. նվազեցրե՛ք սննդակարգում շաքարի և կոֆեինի քանակը. այս խթանիչների բարձր քանակը կարող է նպաստել սթրեսի հորմոնների արտադրմանը` հանգեցնելով նյարդայնության կամ տրամադրության փոփոխության,
4. ակտիվացրե՛ք շփումները` ընկերների հետ զրույցը, ընտանիքի հետ բավարար ժամանակ անցկացնելը կարևոր են սթրեսի դեմ պայքարում,
5. ճիշտ կառավարե՛ք ժամանակը. խորհուրդ է տրվում նախապես կազմել օրվա ծրագիրը, սահմանել առաջնահերթություններ, դժվար խնդիրը բաժանել փոքր մասերի, արդյունավետ օգտագործել յուրաքանչյուր ազատ րոպեն, աշխատել ավելի արդյունավետ, ոչ թե ավելի շատ:
Ապացուցողական բժշկության սկզբունքների հիման վրա հոգեկան առողջության ծառայություններ մատուցելու, հոգեկան առողջության վերաբերյալ հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու և հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց, նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով Առողջապահության նախարարությունը հաստատել է «Հոգեկան առողջության պահպանման և բարելավման ծրագիր», որի միջոցառումները շարունակաբար իրականացվում են:
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հոգեբուժական բժշկական օգնությունն ու սպասարկումը պետության հոգածության ներքո է և իրականացվում է անվճար: Մի՛ խուսափեք դիմել հոգեկան առողջության մասնագետի։