Աշտարակի նախկին ՃՈ-ի հարևանությամբ Hyundai-ն բախվել է ծառերին և հայտնվել դաշտում․ վարորդը տեղում մահացել է
Հոկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում «Hyundai Solaris» մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառերի, կոտրել դրանք և հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները վարորդի մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Իրավիճակը դեպքի վայրում բավականին լարված էր, քանի որ դեպքի վայր էին ժամանել մահացածի հարազատները։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացած վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։