Որտե՞ղ չի կարելի ծխել
Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքն ընդունվել է 2020 թվականի փետրվարի 13-ին։
Iravaban.net-ը հայտնում է, որ այս օրենքի 6-րդ հոդվածով սահմանված են ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործմանը ներկայացվող արգելքները և սահմանափակումները։
1․ Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) օգտագործումը`
1) հետևյալ տարածքներում`
ա. բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների շենքերում և դրանց մուտքերից ուղիղ գծով մինչև հինգ մետր հեռավորության վրա,
բ. նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատությունների, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններում և դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով մինչև հինգ մետր հեռավորության վրա,
գ. մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքերում և դրանց մուտքերից ուղիղ գծով մինչև հինգ մետր հեռավորության վրա,
դ. համայնքի կողմից երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում և խաղային պուրակներում,
ե. պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ պատմության և մշակութային այն անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ,
զ. պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղակայման շենքերում,
է. այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների,
ը. հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ),
թ. hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (առողջարաններ, հանգստյան և մասնագիտացված ճամբարներ կամ տներ, պանսիոններ, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիներ (համալիրներ), զբոսաշրջային տներ).
2) աշխատանքային այլ փակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից.
3) առևտրի կենտրոններում.
4) ցանկացած փակ հանրային այլ տարածքներում, ներառյալ՝ ընդհանուր օգտագործման տարածքները, բացառությամբ`
ա. օդանավակայանների, որտեղ թույլատրվում է ունենալ օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը,
բ. հիվանդանոցային ձևով հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողների, որտեղ թույլատրվում է ունենալ օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը.
5) զորամասերում և զինվորական հաստատություններում, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով նախատեսված օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքների.
6) տրանսպորտում՝
ա. հասարակական` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում, օդային, վերգետնյա էլեկտրական տրանսպորտում, մետրոպոլիտենում, բացառությամբ ջրային և երկաթուղային տրանսպորտի, որտեղ թույլատրվում է ունենալ օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը,
բ. վարորդի կողմից մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցում՝ ընթացքի ժամանակ.
7) հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ:
2․ Ձերբակալվածների, կալանավորվածների, դատապարտյալների պահման վայրերում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման և ծխախոտի ծխի բացասական ազդեցության նվազեցմանը և կանխարգելմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության և առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինների սահմանած կարգին համապատասխան:
3․ Զորամասերում և զինվորական հաստատություններում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման և ծխախոտային ծխի բացասական ազդեցության նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի սահմանած կարգով:
4․ Սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված հաստատություններում, մարմիններում, վայրերում և տարածքներում տեսանելի հատվածներում տվյալ հաստատության, մարմնի ղեկավարի կողմից պետք է տեղադրված լինեն ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը: