Իրանական բալիստիկ հրթիռները հաջողությամբ խոցել են իսրայելական կարևոր բազաները և F-35 կործանիչների անգարներ
Հոկտեմբերի 1-ի հրթիռակոծման արդյունքում Իրանը ոչնչացրել է Իսրայելի ռազմաօդային ուժերին պատկանող զգալի քանակության F-35 կործանիչ-ռմբակոծիչներ:
Այդ մասին Tasnim լրատվական գործակալությանը հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի խորհրդական, բրիգադի գեներալ Էբրահիմ Ջաբարին:
«Իրանական բալիստիկ հրթիռները հաջողությամբ խոցել են իսրայելական կարևոր բազաները և F-35 կործանիչների անգարները՝ ոչնչացնելով զգալի թվով ինքնաթիռներ»,- նշել է նա՝ հավելելով, որ արձակված իրանական հրթիռների 90 տոկոսը հասել է նշանակետին։
Ըստ Ջաբարիի, դրան նպաստել են Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգերի դեմ իրականացված կիբերանվտանգության և ռադիոէլեկտրոնային պայքարի գործողությունները, որոնք հրթիռային հարվածին զուգահեռ կատարել է ԻՀՊԿ-ն:
Հոկտեմբերի 1-ին «Ճշմարիտ խոստում 2» գործողության շրջանակներում ԻՀՊԿ-ն մեծ քանակությամբ հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ: Իսրայելական զինվորականները հայտարարել են, որ հարմար պահին կպատասխանեն այդ հարձակմանը:
Ավելի վաղ The Washington Post-ը հայտնել էր, որ իրանական առնվազն 20 հեռահար հրթիռներ հաղթահարել էին Իսրայելի և նրա դաշնակիցների հակաօդային պաշտպանության համակարգերի արգելքը՝ խոցելով իսրայելական շուրջ երեք ռազմական և հետախուզական բազաներ, այդ թվում՝ «Նևաթիմ»-ը և «Թել Նոֆ»-ը։ Հետագայում Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել էր, որ իրանական մի քանի հրթիռներ խոցել են նշված ավիաբազաները։
Հոկտեմբերի 6-ին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ Իրանին չի հաջողվել վնաս հասցնել Իսրայելի ռազմաօդային ուժերին, որևէ ինքնաթիռ չի վնասվել է, ոչ մի էսկադրիլ դուրս չի եկել շարքից: