ՄԻՊ-ի հանձնարարությամբ ուսումնասիրություն է սկսվել «Հանրապետության Հրապարակ» կայարանի գետնանցումում սփյուռքահայերի կրպակները փակելու հարցով
ՄԻՊ-ի հանձնարարությամբ ուսումնասիրություն է սկսվել «Հանրապետության Հրապարակ» կայարանի գետնանցումում սփյուռքահայերի կրպակները փակելու հարցով: Երեկ հայտնի էր դարձել, որ տվյալ կայարանի գետնանցումում կրպակները փակում են, ինչ հետևանքով 10 անհատ ձեռներեց սփյուռքահայեր կմնան անգործ: Կապարակնքվել են կրպակների դռները, կրպակների աշխատակիցներն էլ պնդում են՝ Մետրոպոլիտենի հետ կնքած պայմանագիր ունեն, որ մինչև փետրվար-մարտ ամիսները կարող են դեռ աշխատել:
Tert.am-ը թեմայի հետ կապված հարցում է ուղարկել ՄԻՊ-ին, մեր հարցմանն ի պատասխան ՄԻՊ-ի աշխատակազմից պատասխանել են, որ հարցի առնչության որևէ դիմում չեն ստացել:
«Ձեր կողմից հիշատակված հարցի առնչության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում որևէ դիմում չի ստացվել: Հիմք ընդունելով ԶԼՄ-ների հրապարակումները՝ Պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն: Բանավոր կարգով քննարկում է տեղի ունեցել պետական իրավասու մարմնի հետ: Վերջինս տեղեկացրել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իր գործողությունները կատարում է դատարանի կողմից տրամադրված կատարողական թերթի հիման վրա»,- պատասխանել են ՄԻՊ աշխատակազմից:
Նշենք, որ Tert.am-ի հետ զրույցում Մետրոպոլիտենի խոսնակ Աննա Ասլանյանը հայտնել է, որ այս պահին դատարանում վարույթ կա, Մետրոպոլիտենը սպասում է՝ երբ դատական վճիռը կլինի, ըստ դատական վճռի կհասկանան՝ ով է մեղավոր, ով՝ ճիշտ:
«Տարիներ առաջ Մետրոպոլիտենը դիմել է քաղաքապետարան և քաղաքապետի որոշմամբ՝ այդ տարածքն անհատույց, որոշակի ժամկետով տրվել է Մետրոպոլիտենին: Տարածքը զբաղեցրել է «Դիադին» ընկերությունը: Անհատույց վարձակալման ժամկետը երբ լրացել է, Մետրոլոպոլիտենը դիմել է ընկերությանը, որ տարածքն ազատի: Մետրոպոլիտենը դիմել է քաղաքապետին, քաղաքապետի որոշմամբ նորից երկարացվել է այդ ժամկետը, բայց Մետրոպոլիտենն առաջարկել է, որ ընկերությունը տարածքից դուրս գա»,- ասել է նա: