Սանոսյանը շրջայց է կատարել «Երևան ՋԷԿ»-ի տարածքում
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ։
Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, «Երևան ՋԷԿ» ՓԲԸ տնօրենի պարտականությունները կատարող Ալիսա Բաղդասարյանը, ՏԿԵՆ աշխատակազմի ղեկավար Արթուր Երիցյանը։
Նախարարը նախ շրջայց է կատարել ՋԷԿ-ի տարածքում, ծանոթացել իրականացված կապիտալ նորոգման աշխատանքներին։
Այս տարվա օգոստոս-հոկտեմբեր ամիսներին «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ում իրականացվում է համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի, գազատուրբինի, շոգետուրբինի և օժանդակ սարքավորումների կապիտալ նորոգում։ Կապիտալ նորոգման աշխատանքները կատարվում են ամերիկյան և ճապոնական ընկերությունների մասնագետների կողմից՝ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի աշխատակիցների մասնակցությամբ։
Բաղդասարյանը նախարարին է ներկայացրել կատարված և ընթացքում գտնվող աշխատանքները։
Այնուհետև նախարար Սանոսյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի ենթակայան, որը շահագործման է հանձնվել 2019 թ.։
Ենթակայանը միակ կապող օղակն է համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի և էներգահամակարգի միջև։ Ենթակայանի հուսալիությամբ է պայմանավորված էներգաբլոկի անխափան աշխատանքը և արտադրված էլեկտրաէներգիայի անխափան հաղորդումը էներգահամակարգին:
Շրջայցից հետո տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, նախարարի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։