Իսրայելը պահանջում է, որ «Հեզբոլլահ»-ը վայր դնի զենքը և հետ քաշվի դեպի Լիտանի գետից հյուսիս
Իսրայելը որպես Լիբանանի հարավում հրադադարի ռեժիմի հաստատման պայման պահանջում է, որ շիաների «Հեզբոլլահ» շարժումը վայր դնի զենքը և իր ուժերը տանի երկու երկրների սահմանից դեպի հյուսիս։
Այս մասին հաղորդել է Al Arabiya-ն՝ վկայակոչելով ֆրանսիական դիվանագիտական աղբյուրների։
«Իսրայելը պահանջում է, որ «Հեզբոլլահ»-ը վայր դնի զենքը և հետ քաշվի դեպի Լիտանի գետից հյուսիս՝ Լիբանանում հրադադարի դիմաց», - ասել է հեռուստաալիքի զրուցակիցներից մեկը:
Al Arabiya-ն մեկ այլ հրապարակման մեջ նշում է, որ «Հեզբոլլահ»-ի ղեկավարի տեղակալ Նայիմ Քասեմը հոկտեմբերի 8-ին հայտարարել է, որ շարժումը սատարում է Լիբանանում հրադադարի հասնելու՝ երկրի խորհրդարանի խոսնակ Նահիբ Բերիի ջանքերը։ Լրատվամիջոցը նշում է, որ առաջին անգամ «Հեզբոլլահ»-ը որպես Իսրայելի վրա հարձակումները դադարեցնելու նախապայման չի նշել Գազայի հատվածում հրադադարը։
«Հեզբոլլահ»-ը սկսել է Իսրայելին հարվածներ հասցնել 2023 թ. հոկտեմբերին, երբ Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություներ սկսեց՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման։ «Հեզբոլլահ»-ի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ չեն դադարի հարձակումներն Իսրայելի վրա մինչև Գազայում հրադադար չհաստատվի։
Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ իսրայելական հարվածներից երկրում ավելի քան 2000 մարդ է զոհվել։ 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։