Նախարարի թեկնածուների առաջադրման փուլն ավարտվել է. Արփի Դավոյանն իրեն արդեն նախարարից հինգ պակաս է զգում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցով պայմանավորված` ՔՊ վարչության նիստը երեկ չի կայացել, վարչության անդամներն անգամ տեղյակ չէին, թե երբ է կայանալու ոմանց համար այդքան սպասված նիստը, որի օրակարգում արդարադատության նախարարի թեկնածուի ընտրությունն է։
Չնայած դրան, առաջադրումներն ավարտվել են, նոր թեկնածուներ չեն կարող հայտնվել․ 2 թեկնածու կա՝ Արփի Դավոյան, Արուսյակ Ջուլհակյան: «Ղուշ թռցնող» Դավոյանն իրեն արդեն նախարարից հինգ պակաս է զգում, կարծում է, որ վարչությունում իր աջակիցները մեծամասնություն են, եւ Արուսի համեմատ ինքն ուղղակի իրավաբանության գուրու է․ Ջուլհակյանն իրավաբանի կրթություն չունի, ճարտարագիտականի սոցիալ-քաղաքական առարկաների եւ ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետն է ավարտել եւ մի քանի ամիս` 2010-ին, Վարշավայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում «Մարդու իրավունքներ» է ուսումնասիրել։
Սակայն ՔՊ վարչությունը կարող է անակնկալ մատուցել երկուսին էլ: Բանն այն է, որ թեկնածուն համարվելու է ընտրված, եթե ստանա նիստի մասնակիցների կեսից ավելիի ձայները, այսինքն` 15 հոգանոց կազմով նիստի պարագայում՝ 8 կողմ, ինչն այնքան էլ հեշտ չէ, մանավանդ՝ եթե հույս ունենանք, որ ողջամտությունը դեռ չի լքել ՔՊ-ին:
Այսինքն՝ եթե որեւէ մեկը չքվեարկի կամ ձեռնպահ քվեարկի, ապա ընտրություն չի կատարվի, եւ վարչությունը կսպասի նոր առաջադրումների։ Ինչ վերաբերում է նախարարի թափուր պաշտոնին, ապա ՔՊ-ի դեպքում դա նոր բան չէ` պաշտոններ են եղել, որ ամիսներով թափուր են մնացել, համակարգերն էլ ԺՊ-ներն են ղեկավարել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: