X-Group ընկերությունը խոստանում է կես միլիոն դրամ «Դոմուս»-ի պահեստում բռնկված հրդեհի սկզբնական կադրերը տրամադրողին
X-Group ընկերության մարկետինգի ղեկավար Սեդա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ընկերությունը խոստանում է կես միլիոն դրամ պարգևավճար այն քաղաքացուն, որը կտրամադրի կադրեր հրդեհի բռնկման սկզբնական ժամանակահատվածից:
Նշենք, որ տարածքը, որտեղ գտնվում է խանութը, պատկանում է X-Group-ին։
«Հարգելի՛ քաղաքացիներ, բոլորդ տեղյակ եք և վստահ ենք, սրտագին ցավում եք Իսակով պողոտայում՝ «Դոմուս» խանութ սրահում բռնկված հրդեհից:
Անշարժ գույքի սեփականատերը ցանկանում է տեղեկանալ հրդեհի ակունքի և դրա իրական պատճառների մասին, ինչը կարող է աջակցել նաև քննությունն իրականացնող իրավապահ մարմիններին, ուստի հայցում է ձեր օգնությունը և խոստանում 0,5 միլիոն դրամի չափով պարգևավճար այն քաղաքացուն, ով կուղարկի տեսահոլովակ, որտեղ երևում են հրդեհի նախնական կադրերն ու պատճառները։
Ծանոթություն՝ պարգևավճարին արժանի նյութը ընտրվելու է հետևյալ սկզբունքով՝ հրդեհի սկիզբը պատկերող լուսանկարներից և/կամ տեսաձայնագրություններից նախ ընտրվելու են ամենավաղ կատարվածները, դրանց միջից ընտրվելու են իրողությունն ամենալավ արտացոլողները, որոնցից արդեն ընտրվելու է ամենաորակյալը, որը և կարժանանա պարգևավճարին:
Լուսանկարները և տեսաձայնագրությունները կարող եք ուղարկել ինչպես անձնական նամակով, այնպես էլ կարող եք տեղադրել մեկնաբանությունում»,-գրել է Հովսեփյանը: