Ուկրաինան նոյեմբերին չի անցկացնի խաղաղության երկրորդ գլոբալ գագաթնաժողովը
Ուկրաինան նոյեմբերին չի անցկացնի խաղաղության երկրորդ գլոբալ գագաթնաժողովը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Telegraf-ին ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Դարյա Զարիվնայան։
Ուկրաինայի նախագահի գրասենյակից նշեցին, որ այժմ համաժողովներ են ընթանում «Խաղաղության բանաձևի» յուրաքանչյուր կետի վերաբերյալ:
«Նոյեմբերին խաղաղության երկրորդ գագաթնաժողովը դեռ չի կայանա։ Բայց գագաթնաժողովի անցկացման համար ամեն ինչ արդեն պետք է պատրաստ լինի։ Առայժմ բանաձևի յուրաքանչյուր կետի վերաբերյալ թեմատիկ համաժողովներ են անցկացվում, որոնք ավարտվում են հայտարարությունների ընդունմամբ։
Այդ հայտարարությունների հիմնական դրույթները հիմք կդառնան երկրորդ գագաթնաժողովի ապագա խաղաղ պլանի համար», - հայտարարել է Դարյա Զարիվնայան:
Նա նաև հավելել է, որ հոկտեմբերի 30-31-ը Կանադայում տեղի կունենա վերջին թեմատիկ համաժողովը՝ նվիրված հումանիտար հարցերին ՝ ռազմագերիների, քաղաքացիական պատանդների ազատ արձակմանը և երեխաների վերադարձին։