Հայտնաբերվել է մեծ քանակի թմրանյութ
Հոկտեմբերի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ 58-ամյա տղամարդն իր բակում աճեցնում է կանեփ, տանն էլ պահում և օգտագործում է թմրանյութ:
Նույն օրը ստուգման նպատակով քրեական հետախույզներն այցելել են Մրգաստան: Ոստիկանների բանավոր պահանջի և բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը հայտնել է, որ ունի մարիխուանա տեսակի թմրամիջոցի չոր զանգված, որը պատրաստ է ներկայացնել։
Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 58-ամյա տղամարդու տանը կից օժանդակ շինությունում, ակնհայտ տեսանելի տեղում, հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով տարաներ ու փաթեթներ:
Զանգվածների ընդհանուր քաշը 6,5 կիլոգրամ էր, հայտնաբերվել են նաև կանեփի չոր ճյուղեր ու երկու բույս։ Տանտերը հայտնել է, որ մարիխուանան պատրաստել է իր աճեցրած կանեփից և պահել անձնական օգտագործման համար։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: