Ամստերդամում մոտ 320 մարդ է բերման ենթարկվել իսրայելամետ և պաղեստինամետ ցույցերի ժամանակ
Ամստերդամում մոտ 320 մարդ է բերման ենթարկվել հոկտեմբերի 7-ին Իսրայելի և Պաղեստինի աջակցության ցույցերի ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է նիդեռլանդական NOS պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները։
Ըստ պարբերականի՝ մոտ 20 մարդ ձերբակալվել է հասարակական կարգի խախտման, վիրավորանքների և հրատեխնիկայի կիրառման համար։ Մնացած 300 ցուցարարները բերման են ենթարկվել հասարակական հավաքների մասին օրենքին չհետևելու համար։ Ընդ որում, ցուցարարներին պարզապես ավտոբուսով տարել են Ամստերդամի հյուսիս, որտեղ նրանց անմիջապես բաց են թողել։ Իսկ Դամրակի կենտրոնական պողոտայում պաղեստինամետ ցույցերից մեկը ժամը 17։00-ին քաղաքապետի հրամանով դադարեցվել է՝ անկարգությունների պատճառով։
Միևնույն ժամանակ շուրջ հազար ակտիվիստների մասնակցությամբ ցույց է տեղի ունեցել Պրահայի կենտրոնում ՝ ի պաշտպանություն Իսրայելի։ Ակցիան կազմակերպվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման մեկ տարվա տարելիցի կապակցությամբ։
Հանրահավաքի մասնակիցները ՀԱՄԱՍ-ից պահանջել են անհապաղ ազատ արձակել Իսրայելի վրա հարձակման ժամանակ գերեվարված պատանդներին։ ՀԱՄԱՍ-ը դեռ գերի է պահում մոտ 100 մարդու։
Հանրահավաքին մասնակցել են Չեխիայի խորհրդարանի ներկայացուցիչներ, կաթոլիկ հոգևորականներ, հասարակական և մշակութային գործիչներ։ Իսրայելին աջակցող միջոցառումներ են անցկացվել նաև Չեխիայի այլ քաղաքներում: