Պուտինն ու Ալիևը հանդիպել են Կրեմլում․ ի՞նչ են քննարկել
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը բանակցություններ են վարում Կրեմլում։
Հանդիպման սկզբում ՌԴ ղեկավարն ասել է, որ իր գործընկերոջ հետ արդեն քննարկել է երկկողմ հարաբերությունները։
«Նախագահն ու ես հիմա խոսել ենք, այսպես ասած, դեմ առ դեմ, այս կամ այն կերպ մենք, այնուամենայնիվ, անդրադարձել ենք մեր երկրների հարաբերությունների ներկայիս կարգավիճակին, հարաբերությունները դրական են զարգանում»,- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ` պարզաբանել է Պուտինը։
Նա հայտարարեց, որ բազմաթիվ հետաքրքիր նախագծեր են ի հայտ եկել էներգետիկայի և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։
Բացի այդ, Պուտինն անձամբ է իր գործընկերոջը հրավիրել հոկտեմբերի 23-24-ը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։
Ինչպես հաղորդվում է, Պուտինի և Ալիևի բանակցությունների հիմնական թեման լինելու է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
Ավելի ուշ ՌԴ ղեկավարը կընդունի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ալիևն ու Փաշինյանը ժամանել են Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը վարելու է Ռուսաստանի նախագահը։
Միջոցառմանը կմասնակցեն նաև Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի նախագահները։
Առաջնորդների շփումը սկսվել է նախորդ օրը։ Երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին՝ Ռուսաստանի նախագահի ծննդյան օրը, պետությունների ղեկավարները հավաքվել էին ոչ պաշտոնական հանդիպման, որը դարձավ գագաթնաժողովի նախապատրաստություն։