«Boeing» ընկերությունը 600 մլն դոլար փոխհատուցում է վճարելու Թուրքիային
Ամերիկյան ավիաարդյունաբերության հսկան` «Boeing»-ը, տարիներ առաջ «Խաղաղության արծիվ» նախագծի շրջանակներում Թուրքիայի հետ կնքած 1.6 մլրդ դոլարի «AWACS» ինքնաթիռների մատակարարման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար պատրաստվում է Անկարային վճարել 600 մլն դոլար փոխհատուցում: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Թուրքական «Հուրրիյեթ» պարբերականը հայտնում է, որ համաձայն վերոնշյալ պայմանագրի ինքնաթիռները թուրքական զինուժին պետք է հանձնվեին դեռևս 2007-ին: Ինքնաթիռների հետ միասին թուրքերն ԱՄՆ-ից պետք է ստանային նաև տեղորոշիչ համակարգեր (ռադարներ), բայց արդեն անցել է 6 տարի, և մատակարարումն ինչ-ինչ պատճառներով չի իրականացվել: Այդուհանդերձ նախատեսվում է, որ այդքան սպասված ռազմաօդային զինտեխնիկան թուրքական կողմը կսկսի ստանալ 2014-ի տարեսկզբին: