Էներգետիկներ հաճախ է օգտագործել. Նոր Երզնկայի դպրոցում հանկարծամահ եղած աշակերտը «Հայոց պատմություն» առարկայից հանրապետական օլիմպիադայի մասնակից էր
Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղի դպրոցիում այսօր հանկարծամահ եղած 10-րդ դասարանի Դավիթը մինչ այս որևէ առողջական խնդիր չի ունեցել։ «Փաստինֆոյի» հետ զրույցում դպրոցի տնօրեն Երազիկ Մեսրոպյանն ասաց, որ տղան դպրոցի լավագույն աշակերտներից էր։
«Բոլորս շատ վատ վիճակում ենք այս պահին, լավ սովորող երեխա էր, հայոց պատմություն առարկայից հանրապետական օլիմպիադայի մասնակից էր։ Բոլորիս համար այս մահն անհասկանալի է, ոչ հարկած է ստացել, ոչ էլ ֆիզիկական լարվածություն է եղել։ Ուղղակի կանգնած տեղը ընկել է ֆիզկուլտուրայի ժամին։ Բոլոր հարցերի պատասխանը դատաբժշկական փորձաքննությունը կարող է տալ»։
Արագածոտնի մարզպետարանի հանրակրթության վարչության պետ Գալուստ Թադեւոսյանն էլ «Փաստինֆոյին» հայտնեց, որ վաղը դատաբշկական փորձաքննության պատասխանը կլինի։
«Դասընկերներն ասում են, որ էներգետիկների նկատմամբ սեր է ունեցել ու հաճախ է օգտագործել, որքանով կարող էր դա պատճառը լինել՝ չգիտեմ։
Ֆիզկուլտուրայից առաջ մայրենի, մաթեմատիկա առարկաներն են եղել, նորմալ նստել է դասին, իսկ ֆիզկուլտուրայի դասաժամին պատրաստվել են բասկետբոլ խաղալ, բայց դեռ խաղը չսկսած՝ կանգնած տեղն ընկել է»։