10 հրշեջ է զոհվել․ Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքները
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական հարվածներից երկրի հարավում 10 հրշեջ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը։
«Գիշերն իսրայելական հարվածի թիրախում է եղել Բարաշիթի հրշեջ կենտրոնը, որտեղ քաղաքացիական պաշտպանության 10 անդամներ էին գտնվում», - հայտնել է քաղաքի պաշտոնյաներից մեկը։
Ըստ AFP-ի հաշվարկների իսրայելական հարվածներից այս տարի Լիբանանում զոհված փրկարարների թիվը հասել է 115-ի։
Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը տարհանման նոր հրահանգներ է տվել Գազայի և Լիբանանի բնակիչներին։ ԻՊԲ-ի խոսնակ Ավիչայ Էդրին Գազայի հարավում՝ Խան Յունիսի մերձակայքում գտնվող բնակիչներին կոչ է արել հեռանալ ալ Մավասիի հումանիտար գոտի։ Ավելի վաղ ԻՊԲ-ն Ջաբալիայի, Բեյթ Հանունի և Բեյթ Լահիայի բնակիչներին էր հորդորել տարհանվել։
Բացի այդ, ԻՊԲ-ի խոսնակը տարհանման հրահանգ է տվել Լիբանանի հարավի 20 գյուղերի բնակիչների՝ նրանց կոչ անելով ուղևորվել դեպի Ավալիի գետի հյուսիս։
Իր հերթին «Հեզբոլլահ»-ը հայտնել է Իսրայելի հյուսիսի՝ Հայֆայի ուղղությամբ նոր հրթիռներ արձակելու մասին։ Գիշերը Հայֆայի և Ստորին Գալիլեայի հրթիռակոծության հետևանքով 10 իսրայելցի էր վիրավորվել։
Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում իսրայելական հարվածներից երկրում ավելի քան 2000 մարդ է զոհվել, այդ թվում՝ 127 երեխա։ Ավելի քան 1 միլիոն լիբանանցի տեղահանվել է։