Պապոյանը և ՀԲ տարածաշրջանային տնօրենը քննարկել են ՀՀ տնտեսական աճին միտված նախարարության դիրքորոշումները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Սևակ Միքայելյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ իրականացվող աշխատանքները տնտեսության տարբեր ուղղություններով, այդ թվում՝ գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։
Առանձին անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական աճին միտված նախարարության դիրքորոշումներին, ինչպես նաև ՀՀ Կառավարության հետ շարունակական համագործակցության ուղղություններին:
Կողմերը բարձր են գնահատել ձևավորված համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել համատեղ աշխատանքները նշված ուղղություններով։