Կրակն այս պահին մարված է, իրականացվում են հետհրդեհաշիջման աշխատանքներ. Կամո Ցուցուլյան
Կրակն այս պահին մարված է, իրականացվում են հետհրդեհաշիջման ՝ հովացման, տարածքի մաքրման աշխատանքներ: Այդ մասին լրագրողներին ասաց ՆԳՆ ՓԾ տնօրեն, ՆԳ փոխնախարար Կամո Ցուցուլյանը՝ անդրադառնալով «Դոմուսում» բռնկված հրդեհին:
«Մենք առաջին իսկ պահից հայտարարել ենք կրակի բարդության 2-րդ աստիճան, հետո հայտարարել ենք 3-րդ աստիճան: Բերվել են միանգամից 17 մարտական հաշվարկ և լրացուցիչ ուժեր: Այս պահին 17-ն աշխատում են»,- ասաց Ցուցուլյանը:
Նա նշեց, որ տանիքին տեղադրված է արևային համակարգ իր կուտակիչով, ինչի հետևանքով հրդեհաշիջումը բարդացել է, և կրակը տարածվել է:
«Հրդեհի ժամանակ պայթյուն տեղի չի ունեցել: Պայթյունի ձայն լսվել է հրդեհաշիջման ժամանակ, տաքանալու հետևանքով ապակիներն են պայթել»,- ասաց ՓԾ տնօրենը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այսօր՝ ժամը 12:57-ին, ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել։ «Լուրերի» թղթակցի հետ զրույցում ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակը հայտնել է, որ այս պահի տվյալներով բոլոր աշխատակիցները դուրս են եկել, տուժածներ չկան: Ըստ Նարեկ Սարգսյանի՝ հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն, այրվում են շինանյութ, կահույք, տեխնիկա: