Դանիայում Իսրայելի դեսպանատան մերձակայքում հերթական պայթյունն է տեղի ունեցել
Դանիայում Իսրայելի դեսպանատան մերձակայքում նոր պայթյուն է տեղի ունեցել հոկտեմբերի 7-ին՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման մեկ տարվա տարելիցի օրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը՝ վկայակոչելով Դանիայի ոստիկանությունը։
Պայթյունը տեղի է ունեցել Կոպենհագենում գտնվող դեսպանատնից մոտ 500 մետր հեռավորության վրա։ Այս պայթյունից հինգ օր առաջ շենքի մերձակայքում երկու պայթյուն էր տեղի ունեցել, որի համար ձերբակալվել է Շվեդիայի երկու քաղաքացի։
«Մենք, իհարկե, հետաքննում ենք՝ արդյոք սա որևէ առնչություն ունի Իսրայելի դեսպանատան մերձակայքում ավելի վաղ տեղի ունեցած միջադեպի հետ», - ոստիկանությունից հայտնել են լրագրողներին՝ հավելելով, որ առայժմ ոչինչ չի վկայում երկու միջադեպերի միջև կապի մասին։
Ըստ սոցցանցերում տարածված լուսանկարների՝ պայթյունը տեղի է ունեցել Իսրայելի դեսպանատնից 500 մետր հեռավորության վրա գտնվող բնակելի շենքի առջև։
Իսրայելական աղբյուրներից մեկը The Times of Israel-ին հայտնել է, որ Կոպենհագենում պայթյունն իրականացվել է, ամենայն հավանականությամբ, լուսաձայնային նռնակով, որը նետվել է հրեական համայնքի անդամներից մեկի տան մոտ և ոչ թե հենց դեսպանատան տարածքում։