Նիդեռլանդներն Ուկրաինային մատակարարել է F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեքելմանսը հայտնել է, որ Ուկրաինա է ուղարկվել F-16 կործանիչների առաջին խմբաքանակը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Առաջին անգամ կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ առաջին նիդեռլանդական F-16-երն ուղարկվել են Ուկրաինա», - գրել է Բրեքելմանսը X սոցիալական հարթակում Խարկով և Կիև այցից հետո։
Ուղարկված ինքնաթիռների թվաքանակը չի նշվում։
Նախարարի խոսքով՝ խոստացված 24 կործանիչների մյուս խմբաքանակը կուղարկվի առաջիկա ամիսներին։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն իր հերթին շնորհակալություն է հայտնել Նիդեռլանդներին համապարփակ աջակցության համար։
Բրեքելմանսը նաև հայտարարել է 400 միլիոն եվրոյի «Անօդաչուների գործողության պլանի» մեկնարկի մասին, որի շրջանակներում Կիևին կտրամադրվեն առաջադեմ հետախուզական, պաշտպանական և հարվածային անօդաչու թռչող սարքեր։
Նիդեռլանդներն ու Դանիան, որոնք պարտավորվել են Ուկրաինային տրամադրել F-16-եր, գլխավորում են, այսպես կոչված, «F-16 կոալիցիան», որի շրջանակներում անցկացվում է ուկրաինացի օդաչուների ուսուցում։
Օգոստոսի սկզբին Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը հաստատել էր, որ առաջին F-16-երը ժամանել են Ուկրաինա։ Երկիրը մտադիր է ևս մեկ խմբաքանակ ուղարկել մինչև տարեվերջ։ Ընդհանուր առմամբ, Կոպենհագենը խոստացել է Կիևին մատակարարել 19 կործանիչ։