Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման տարելիցը. Գազային նոր հարվածներ են հասցվել
Իսրայելցիները նշում են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից 2023 թ. հոկտեմբերի 7-ին իրականացված հարձակման տարելիցը, որը Մերձավոր Արևելքում լայնածավալ ռազմական գործողությունների առիթ հանդիսացավ։ Երուսաղեմում և Իսրայելի հարավում արարողությունները և ցույցերը նախատեղված էին ժամը 06։29-ին. հենց այս ժամին են ՀԱՄԱՍ-ի զինյալները սկսել հոկտեմբերի 7-ի իրենց հարձակումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Times of Israel-ը հաղորդում է, որ ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդների հարազատները հավաքվել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ։
Իսրայելի անվտանգության ուժերն ուժեղացված հսկողություն են իրականացնում՝ ակնկալելով հնարավոր հարձակումներ։ Իսրայելից դուրս ևս սպասվում են տարբեր ցույցեր աշխարհի մի շարք երկրներում։
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ առավոտյան ՀԱՄԱՍ-ը նախատեսում էր մեծ քանակությամբ հրթիռներ արձակել Իսրայելի վրա, սակայն շարժման ծրագրերը խափանվել են։ Ըստ ԻՊԲ-ի՝ ավիահարվածներ են հասցվել Գազայի հատվածի ամբողջ տարածքում ՀԱՄԱՍ-ի հրթիռային կայանքների և թունելների, ինչպես նաև Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող թիրախների՝ կանխելու ՀԱՄԱՍ-ի ծրագրած հարձակումը։
ԻՊԲ-ն հայտնել է նաև Գազայի Դեյր ալ Բալահի շրջանում գտնվող «Շուհադա ալ Աքսա» հիվանդանոցին հարվածելու մասին՝ նշելով, որ ըստ հետախուզական տվյալների՝ այնտեղ գործում էին ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոններ։
Նախքան հարվածն, ըստ հայտարարության, քայլեր են ձեռնարկվել քաղաքացիական բնակչությանը սպառնացող վտանգը մեղմելու ուղղությամբ։
ՀԱՄԱՍ-ն իր հերթին 4 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնցից երեքը խոցվել են, իսկ մեկն ընկել է բաց տարածքում։
Մեկ տարի առաջ ՀԱՄԱՍ-ի իրականացրած հարձակման հետևանքով, ըստ իսրայելական կողմի, սպանվել է մոտ 1200 մարդ, շուրջ 250 մարդ գերեվարվել է, որոնց մի մասը վերադարձվել է 2023 թ. նոյեմբերին հաստատված մեկշաբաթյա հրադադարի ժամանակ։ 101 պատանդ դեռ մնում է ՀԱՄԱՍ-ի մոտ։
Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ պաղեստինյան իշխանությունների, հասել է գրեթե 42 000-ի, անկլավի 2,3 միլիոն բնակչության մեծ մասը տեղահանվել է։