Լիբանանում ուսումնական տարին կմեկնարկի նոյեմբերի 4-ից հետո
Լիբանանի դպրոցներում ուսումնական հաստատություններում դասերի մեկնարկը հետաձգվել է մինչև նոյեմբերի 4-ը՝ ստեղծված ռազմաքաղաքական և անվտանգային իրավիճակի պատճառով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը, այս մասին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի կրթության և բարձրագույն կրթության նախարարի պաշտոնակատար Աբբաս Հալաբին:
Նա նշել է, որ այժմ հանրակրթական դպրոցների, տեխնիկումների ու ինստիտուտների մեծ մասի տարածքներն օգտագործվում են հարավային շրջաններից փախստականներին տեղավորելու համար։
Տեղահանվածների թվում են մոտ 400 հազար ուսանողներ և 40 հազար ուսուցիչներ, որոնք լքել են իրենց տները Բաալբեկ-Հերմել, Բեքաա և Նաբաթիա շրջաններում ռազմական սպառնալիքի պատճառով:
Հալաբիի խոսքով՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակում Լիբանանի կառավարությունը մտադիր է շտապ օգնություն խնդրել ՄԱԿ-ից և դոնոր երկրներից՝ նոր ուսումնական տարվան նախապատրաստվելու համար։