Տղամարդը հիվանդանոցում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել կնոջ հասցեին, խաթարել բուժաշխատողների բնականոն աշխատանքը
Շանթ Ս․-ն 2024 թվականի մարտի 16-ին, ժամը 20։30-ի սահմաններում այցելել է «Թալին ԲԿ», կնոջ մորը տեսակցելու, որտեղ գտնվելու ժամանակ վիճաբանել է կնոջ հետ, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հիվանդանոցում բուժում ստացող և նրանց խնամող անձանց նկատմամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով իրավական և բարոյական նորմերի նկատմամբ, պարբերաբար անպարկեշտ արտահայտություններ ու սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել կնոջ հասցեին։ Նա իր գործողություններով խախտել է հիվանդանոցում գտնվող անձանց անդորրն ու խաթարել բուժաշխատողների բնականոն աշխատանքը։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել հուլիսի 12-ին և մակագրվել դատավոր Ժենյա Նազարյանին։
Շանթ Ս․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն է՝ խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ նույն եղանակներով միջոցառումներ կամ արարողություններ խափանելով կամ հիմնարկների կամ կազմակերպությունների բնականոն աշխատանքը խոչընդոտելով։ Նշված արարքը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Շանթ Ս․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։