Մանչեսթեր Սիթին և Արսենալը կամային հաղթանակներ են տարել
Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել է «Ֆուլհեմին» և 3։2 հաշվով կամային հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ:
Հյուրերի կազմում գոլի հեղինակ են դարձել Անդրեաս Պերեյրան և Ռոդրիգո Մունիսը: Տանտերերի կազմում դուբլ է ձևակերպել կիսապաշտպան Մատեո Կովաչիչը, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է եզրային կիսապաշտպան Ժերեմի Դոկուն։
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: Յոթ խաղում թիմը վաստակել է 17 միավոր։ «Ֆուլհեմը» վաստակել է 11 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։
Տուրի մյուս խաղում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում ընդունել է «Սաութհեմփթոնին» և 3։1 հաշվով կամային հաղթանակ է տարել։
55-րդ րոպեին «Սաութհեմփթոնի» հարձակվող Քեմերոն Արչերը բացել է խաղի հաշիվը։ Երեք րոպե անց «Արսենալի» պատասխան գնդակը խփել է կիսապաշտպան Կայ Հավերցը։ Այնուհետև՝ 69-րդ րոպեին, Գաբրիել Մարտինելին մեծացրել է տանտերերի առավելությունը։ Խաղի վերջնահաշիվը 88-րդ րոպեին ձևակերպել հարձակվող Բուկայո Սական՝ 3:1։
Անցկացրած 7 խաղից հետո «Արսենալը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է՝ 17 միավորով։ «Սաութհեմփթոնը» նույնքան խաղերից հետո մեկ միավորով 19-րդ տեղում է, փոխանցում է Armsport-ը։