Պապոյանը մասնակցել է Արենի գինու փառատոնին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 5-ին Վայոց ձորի Արենի համայնքում մասնակցել է Արենի գինու փառատոնին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Փառատոնն այս տարի անց է կացվել 16-րդ անգամ՝ գինեգործության բնօրրանում միավորելով գինեգործներին, գինեսերներին և Արենի համայնքը սիրող բոլոր այցելուներին։
«Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր բոլոր նախաձեռնություններում նպատակ ունի, առաջին հերթին, տարածքների համաչափ զարգացման միջոցով հասնել մեր երկրում տնտեսական համաչափ զարգացմանը, և այս համատեքստում զբոսաշրջությունն ունի առանձնահատուկ դերակատարում»,֊ նշել է Գևորգ Պապոյանը։
Փառատոնի կազմակերպիչներն էին «Արենի փառատոն» հիմնադրամն ու «ԷվենտՏուրա» ընկերությունը՝ Արենիի համայնքապետարանի և ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։
Միջոցառման ընթացքում Գևորգ Պապոյանը մասնակցել է նաև հուշարձանի բացմանը, որը տեղադրվել է Արենիի համայնքապետարանի միջոցներով հայ-ֆրանսիական Արենի-Բանդոլ քույր համայնքների բարեկամության պատվին։